Անկարան խոստովանել է, որ ՌԴ ռազմատիեզերական ուժերի կողմից ավիահարվածներ չեն արձակվել Սիրիայում թուրքական ուժերի նկատմամբ
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն խոստովանել է, որ Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի կողմից ավիահարվածներ չեն եղել Սիրիայում թուրք զինվորականների ուղղությամբ:
Ինչպես փոխանցում է lenta.ru-ն՝ հղում անելով թուրքական աղբյուրին, Չավուշօղլուն նշել է, որ Սիրիայում տեղակայված թուրքական զորքերի և բնակավայրերի ուղղությամբ հարձակումներ են իրականացնում Բաշար ալ-Ասադի կառավարական ուժերն ու նրանց դաշնակիցները:
«Սակայն չի կարելի ասել, որ Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերն ավիահարվածներ են իրականացնում թուրք զինվորականների ուղղությամբ»,- շեշտել է թուրք նախարարը:
Վերջինս հավելել է, որ ներկա պահին Մոսկվան և Անկարան համատեղ ջանքեր են գործադրում սիրիական Իդլիբում իրավիճակի թեթևացման համար, սակայն իրական առաջընթաց ակնկալել հնարավոր կլինի երկու երկրի նախագահների հանդիպման արդյունքում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ փետրվարի 28-ի գիշերը թուրքական բանակը հարվածներ է հասցրել սիրիական բանակի դիրքերի ուղղությամբ՝ վերացնելով կառավարական զորքերի հերթապահ ջոկատը: