Բյուջեի հիմնական ավելացումները լինելու են բժշկության բնագավառում, ուրիշ տեղ ավելացումներ չենք անելու. Արայիկ Հարությունյանը՝ Արցախում անվճար բուժօգնության խոստման մասին
Այսօր Արցախի նախագահի թեկնածուների հեռուստաբանավեճի ժամանակ թեկնածուներից Ռուսլան Իսրայելյանը Արայիկ Հարությունյանին՝ հարցրեց՝ վարչապետության օրերին ի՞նչն էր նրան խանգարում կյանքի կոչել այն ծրագրերը, որոնք այսօր նա ներկայացնում է, որպես նախագահի թեկնածու, և որոնցից մեկն անվճար բժշկությունն է:
Իսրայելյանը շեշտեց՝ եթե Հարությունյանին չեն թողել կյանքի կոչել այդ ծրագերը, ապա նա անպայման պետք է անուն տա, թե ով չի թողել: Արայիկ Հարությունյանը պատասխանեց, որ ոչ թե չեն կատարել, այլ բյուջեն է ցածր եղել:
«Մի շարք ծրագրեր կյանքի են կոչվել 2008 թվականի հունվարի 1-ից, որոնցից մեկը տարածքից դուրս բուժվող քաղաքացիներին գումարով օժանդակելն է: Ինչքան հիշում եմ՝ առաջին տարում մենք ընդամենը 50 մլն դրամ էինք նախատեսել, իսկ հետո արդեն 200 մլն դրամից ավել ենք նախատեսել չարորակ նորագոյացությունների, սրտանոթային խնդիրների օգնության համար»,- ներկայացրեց թեկնածուն և հավելեց, որ շատ այլ աշխատանքներ ևս իրականացվել են:
Հարությունյանը նշեց, որ այսօր ևս շատ խնդիրներ կան, քանի որ բժիշկների մեծ մասը հեռացել է: Ռուսլան Իսրայելյանը նկատեց, որ պետպատվերների մասով ևս խնդիր կա, քանի որ բուժումները նույնիսկ մինչև տարվա վերջ չեն հերիքում, սակայն Հարությունյանը պնդեց, որ բժշկության ոլորտում դրական փոփոխություններ են սպասվում:
«2021 թվականից բժշկության բնագավառում հիմնական ավելացումներ են լինելու, ուրիշ տեղ ավելացումներ չենք անելու, գլխավոր սոցիալական խնդիրն ենք համարում և կարգավորելու ենք»,- ասաց Հարությունյանը: