General Motors-ը, Ford Motor-ը և Fiat Chrysler-ը մայիսի 18-ից կվերաբացեն գործարանները․ WSJ
Խոշոր ավտոարտադրողներ General Motors Co., Ford Motor Co. և Fiat Chrysler Automobiles ընկերությունները ծրագրում են մայիսի 18-ից մասնակիորեն վերսկսել արտադրությունն իրենց ամերիկյան գործարաններում, որոնք մարտին փակվել էին կորոնավիրուսի համավարակի ֆոնին: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրները։
Աղբյուրների խոսքով՝ մոտավոր ամսաթիվը հաստատվել է ընկերությունների ղեկավարության, ԱՄՆ-ի ավտոմոբիլային արդյունաբերության աշխատողների արհմիության (United Auto Workers, UAW) և Միչիգանի նահանգապետ Գրեթհեն Ուիթմերի վարչակազմի հետ բանակցությունների արդյունքում:
Միչիգանի նահանգապետ Ուիթմերը դեռ մանրամասներ չի ներկայացրել նահանգի կարևորագույն արտադրական հատվածի վերագործարկման մասին և հայտարարել է, որ «առաջնորդվելու է տվյալներով, այլ ոչ թե արհեստական ժամանակացույցով»։
WSJ-ն նաև հաղորդում է, որ ընկերություններն աշխատում են արհմիության հետ՝ աշխատողների պարագայում կորոնավիրուսի ազդեցության ռիսկի նվազեցմանն ուղղված քայլեր ձեռնարկելու համար։