Թրամփն ու Բայդենն ապրիլին 60-ական մլն դոլար հանգանակություն են հավաքել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հանրապետական ազգային կոմիտեի և նախագահական ընտրություններում նրա հավանական հակառակորդ Ջո Բայդենը դեմոկրատների հետ ապրիլին հավաքել են ավելի քան 60 միլիոն դոլար հանգանակություն: Այս մասին հայտնել են թեկնածուների նախընտրական շտաբներից, գրում է CNN-ը։
Թրամփն ու հանրապետականները Բայդենից մի փոքր են առաջ անցել՝ հավաքելով 61,7 մլն դոլար: Մինչդեռ դեմոկրատների թիմը 60,5 մլն դոլար է հավաքել:
Ընդ որում՝ Թրամփը պետք է մեծ առավելություն պահպաներ Բայդենի նկատմամբ, քանի որ մարտ ամսվա դրությամբ գործող նախագահը և հանրապետականները գրեթե 190 միլիոն դոլարով ավելի հանգանակություն էին ստացել, քան Բայդենը և դեմոկրատները:
Բայդենը հատուկ շնորհակալություն է հայտնել կողմնակիցներին կորոնավիրուսի համավարակի հետևանքով առաջացած տնտեսական ճգնաժամի ֆոնին իրենց գումար նվիրաբերելու համար:
Նշենք, որ Բայդենը հավակնում է կայանալիք ընտրություններում միասնական թեկնածու դառնալ Դեմոկրատական կուսակցությունից: ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կկայանան 2020 թվականի նոյեմբերի երեքին: