Ծիծեռնակաբերդի տարածքում հրդեհի բռնկման խնդիրը վաղուց կա․ ամբողջությամբ մաշված է ոռոգման համակարգը. Արայիկ Հարությունյան
Այս պահին Ծիծեռնակաբերդի հարակից տարածքի հրդեհը մարվել է, փոքր օջախների մարման աշխատանքներն են ընթանում: Այս մասին ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ով շուրջ երկու ժամ գտնվել էր դեպքի վայրում։
Նա նշեց, թե Ծիծեռնակաբերդի տարածքում հրդեհի բռնկման խնդիրը վաղուց կա, և ամբողջությամբ մաշված կամ թալանված է ոռոգման համակարգը. «Բայց հիմա Կառավարությունը գումարներ է հատկացրել, որ այստեղ նոր աղբյուրից ջուր մատակարարվի, և մեծացվեն ոռոգվող տարածքները: Դրանով խնդիրը կարող է լուծվել»,-ասաց Հարությունյանը:
Նա նշեց, թե նաև քննարկումներ են տեղի ունենում, թե ինչ ծրագիր է զարգացվելու այդ տարածքի համար: «Ամբողջ անտառապատ տարածքը զարգացվելու է, նոր ծառեր են տնկվելու, նոր կանաչապատ տարածք է լինելու»,-նշեց Հարությունյանը:
Հիշեցնենք՝ Ծիծեռնակաբերդի տարածքում հրդեհի ահազանգը եղել է 21:00-ին: Տարածքում աշխատում է 14 հրշեջ մեքենա, 10 ջրցան: Այս պահին ընթանում են փոքր օջախների մարման աշխատանքները: