Ըստ քաղաքագետի, պատերազմի երկրորդ օրը արդեն պարզ էր, թե ինչի առջև ենք կանգնած
Պատերազմի երկրորդ օրը արդեն պարզ էր, թե ինչի առջև ենք կանգնած, «Ազատության» հետ զրուցում ասաց քաղաքագետ, ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյանը:
«Ազատություն». - Քանի որ սա խաղաղության երկարաժամկետ փաստաթուղթ չէ, մարդիկ կանխատեսում են հոռետեսական սցենար՝ չորս տարի հետո Ադրբեջանը շնորհակալություն կհայտնի ռուսական խաղաղապահ զորքերին և կասի՝ այլևս դրա անհրաժեշտությունը չենք տենսում և՝ Ստեփանակերտը հարվածի տակ է:
Արման Գրիգորյան. - Եթե Ադրբեջանի շնորհակալությունից ու ցանկությունից կախված լիներ ռուսական խաղաղապահ ուժերի ներկայությունն Արցախում, ռուսական խաղաղապահ ուժերն Արցախում այսօր էլ չէին լինի: Ես վստահ եմ, որ Ռուսաստանի շահագրգռությունը պահպանելու գոնե Արցախում հայկական ներկայությունը այս նվազ տեսքով, թուլացած տեսքով, չեմ կարծում, որ այդ շահագրգռությունը վերանալու է չորս տարի հետո, և Ադրբեջանը պարզապես կարող է ռուսներին դուրս շպրտել այնտեղից և Արցախի հարցն ուժով լուծել: Այնպես որ այս հարցում պետք չէ այդքան հոռետես լինել:
«Ազատություն». - Այստեղ Ձեզ կհակադարձեին, որ հակառակը՝ ռուս-թուրքական դաշինք՝ գործել և 100 տարի անց Ռուսաստանը մեզ էլի մենակ է թողել:
Արման Գրիգորյան. - Այդ ուժերը, որ նման հակադարձումներ են անում, մի քիչ լավ չեն պատկերացնում, որ պետությունները կարող են դաշնակցային շահեր ունենալ ինչ-որ երկրի հետ, բայց դա չի ենթադրում, որ այդ դաշնակցային շահերը պարտավորեցնում են տվյալ երկրին ամեն ինչ անել իրենց դաշնակցի համար: Դաշնակցային պարտավորությունները ունեն սահմանափակումներ: Ռուսաստանը երբեք խոսք չէր տվել մեզ, որ 94 թվի զինադադարով ստեղծված ստատուս-քվոն համապատասխանում է իր շահերին, և նրանք պաշտպանելու են մեզ այդ ստատուս-քվոն պաշտպանելու գործում: Նման բան չկա: Մենք ենք ռուսներին վերագրել ինչ-որ շահեր, ինչ-որ քաղաքականություն, հետո երբ որ դա չի համապատասխանել ճշմարտությունը, մենք նեղացել ենք և համարել ենք, որ ռուսները մեզ դավաճանեցին կամ գործարքի գնացին մեր թիկունքում և այլն: Ռուսները մեզ արդեն 25 տարի ասում են, թե ինչ է պետք անել այս հարցը լուծելու համար, և որ իրենք էլ են շահագրգռված այդ հացը լուծելով: Ռուսները մեղք չունեն, որ մենք չենք լսել, ականջ չենք դրել:
«Ազատություն». - Ադրբեջանից դեպի նախիջևան ճանապարհ նախատեսող դրույթի մասին Ձեր մեկնաբանությունը: Վարչապետ Փաշինյանն ասում է՝ դա Մեղրին կորցնել չի, մենք էլ օգուտներ ունենք, դեպի Իրան երկաթուղի է բացվում, Երևանից Նախիջևանով Սյունիք տանող ճանապարհն է բացվում, էստեղից տնտեսական պտուղներ էլ կարելի է քաղել:
Արման Գրիգորյան. - Գուցե վարչապետի նկարագրությունը ճիշտ է, ես էլ կողմնակից չեմ, որ այդ հարցում հիստերիկա լինի, որ այդ հարցը մեկնաբանվի ամենախտացված գույներով: Ես էլ, որ փաստաթուղթը կարդում եմ, դրանից դժվար է եզրակացություն անել, որ մենք կորցնում ենք հայկական սուվերեն վերահսկողությունը Սյունիքի կամ ինչ-որ հատվածի նկատմամբ, չկա այդպիսի բան փաստաթղթում: Բայց չի կարելի նաև չասել, որ երբ նույնիսկ դրա մասին ինչ-որ խոսակցություն է եղել, այսինքն ինչ-որ պայմանագրի մեջ դա նշվել է, դա անհանգստանալու առիթ չի կարող չլինել, որոշակի մեր կողմից քայլեր կարող են դիտարկվել որպես այդ պարտավորության խախտում, որոշակի հետևանքներով: Եթե ժողովրդին նույն Փաշինյանը 2,5 տարի ասում էր՝ Արցախը Հայաստան է և վերջ, եթե դե յուրե անկախությունը չի ճանաչում, մենք բանակցելու բան չունենք, Տոնոյանի՝ եթե նոր պատերազմ լինի, կլինեն նոր տարածքային կորուստներ Ադրբեջանի համար, իսկ ի՞նչ պետք է մտածեր ժողովուրդը: Ժողովուրդը մտածում էր, որ մեր վիճակը սարսափելի լավ է, մենք շատ պինդ դիրքերում ենք, և եթե պատերազմ լինի ոչինչ վախենալու կարիք չկա: Այդ տրամադրությունն էր Հայաստանում սեպտեմբերի 27-ին, իշխանությունը դրա համար ծանրագույն պատասխանատվություն է կրում: Ես կարծում եմ, որ պատերազմը սկսվելուց երկու օր հետո արդեն պարզ էր, թե մենք ինչ կատակլիզմի առաջ ենք կանգնած:
Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.