Բրազիլիան և Արգենտինան համատեղ արժույթ կստեղծեն՝ դոլարից կախվածությունը նվազեցնելու համար. Financial Times
Բրազիլիան և Արգենտինան հաջորդ շաբաթ կհայտարարեն, որ աշխատում են միասնական արժույթի ստեղծման ուղղությամբ, հաղորդում է Financial Times-ը (FT)՝ վկայակոչելով հարցին ծանոթ պաշտոնյաներին:
Բրազիլիան առաջարկում է նոր արժույթն անվանել «սուր» (թարգմանաբար՝ «հարավ»), այն ուղղված կլինի երկու երկրների տնտեսությունների կախվածությունը դոլարից նվազեցնելուն։ Ըստ FT-ի՝ նախագծին միանալու կհրավիրվեն Լատինական Ամերիկայի այլ երկրներ։
«Միասնական արժույթի համար անհրաժեշտ պարամետրերի ուսումնասիրությունը սկսելու որոշում կկայացվի»,- FT-ին ասել է Արգենտինայի էկոնոմիկայի նախարար Սերխիո Մասան:
Նրա խոսքով՝ առաջին փուլում երկրները կուսումնասիրեն առևտրի ինտեգրման մեխանիզմները։ Մասան հավելել է, որ նախագծի վրա աշխատանքները երկար տարիներ կտևեն՝ հիշեցնելով, որ եվրոյի ստեղծման և գործարկման համար Եվրամիությունից պահանջվել է 35 տարի։
Ըստ FT-ի՝ միասնական արժույթի ստեղծման աշխատանքների մեկնարկի մասին պաշտոնապես կհայտարարվի հաջորդ շաբաթ՝ Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվայի Արգենտինա այցի ժամանակ։
FT-ի գնահատականների համաձայն, եթե նոր արժույթը գործարկվի ամբողջ Հարավային Ամերիկայում, ապա այն կկազմի համաշխարհային ՀՆԱ-ի մոտ 5%-ը:Եվրոն, որը միության ամենամեծ արժույթն է աշխարհում, կազմում է համաշխարհային ՀՆԱ-ի մոտ 14%-ը, նշում է թերթը։
Բացի ԵՄ-ից, Աֆրիկայի (աֆրիկյան ֆրանկ) և Կարիբյան ավազանի (ECD) որոշ երկրներ օգտագործում են ընդհանուր արժույթ, սակայն դրանք կազմում են համաշխարհային ՀՆԱ-ի փոքր մասնաբաժինը:
Նախկինում Արգենտինան և Բրազիլիան արդեն քննարկել են միասնական արժույթի ստեղծման հարցը, սակայն Բրազիլիայի Կենտրոնական բանկը դեմ է արտահայտվել։ FT-ն նշում է, որ Սիլվայի ձախակողմյան կառավարության իշխանության գալուց հետո միասնական արժույթի քննարկման գործընթացը կարող է ավելի արագ ընթանալ։
Բրազիլիան այժմ օգտագործում է բրազիլական ռեալը, մինչդեռ Արգենտինան օգտագործում է արգենտինական պեսոն: