Սամվել Բաբայանն առաջարկում է Ստեփանակերտ-Բաքու երկխոսության միջոցով ապահովել Արցախում ժողովրդի անվտանգությունը
Ինչ՞ ելքեր են տեսնում Արցախում ստեղծված իրավիճակից այն դեպքում, երբ Հայաստանի իշխանությունը ճանաչում է Արցախն Ադրբեջանի կազմում, իսկ Ալիևը Ստեփանակերտի հետ երկխոսելու փոխարեն արցախցի պաշտոնյաներից պահանջում է հրաժարական ներկայացնել և լուծարել Լեռնային Ղարաբաղի պետական մարմիները։ Ընդ որում, Ադրբեջանի նախագահը շեշտում, որ միայն այդ դեպքում կարող է համաներման մասին խոսք լինել։
Արցախի նախագահն առայժմ չի արձագանքել Ալիևի այս հայտարարությանը, որը, ի դեպ, ողջունեց պաշտոնական Վաշինգտոնը։ Արայիկ Հարությունյանը չի ներկայացրել նաև, թե ինչ լուծումներ է տեսնում ստեղծված իրավիճակից։
Փոխարենը Արցախի խորհրդարանի մեծությամբ երկրորդ ուժի՝ «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանը հանդես է գալիս Ստեփանակերտ-Բաքու ուղիղ երկխոսության օգտին. - «Ակնհայտ է, որ Արցախի ժողովուրդը Ալիևի պահանջով չի կազմալուծելու պետական ինստիտուտները և ինքն իրեն չի զրկելու սուբյեկտայնությունից, այդ թվում՝ հետագա բանակցություններում։ Ալիևի հռետորաբանությունը ոչ միայն խորացնում է ատելության մթնոլորտը, այլև հրահրում նոր սրացումներ, որից, ի դեպ չի շահելու առաջին հերթին Ադրբեջանը»։
Անդրադառնալով ԱՄՆ պետդեպի մամուլի խոսնակի հայտարարությանը, որով նա ողոջունել էր Ալիևի համաներման մասին հայտարարությունը՝ Սամվել Բաբայանը նշում է, որ ամերիկացի պաշտոնյան առաջնորդվում և սպասարկում է իր երկրի շահը։ Իսկ այդ շահը ենթադրում է ընդգծված հարաբերություններ Ադրբեջանի և Թուրքիայի հետ, ինչով և պայմանավորված են այդ բովանդակությամբ հայտարարությունները։
Հաշվի առնելով այս, ինչպես նաև Հայաստանի վարչապետի կողմից Արցախն Ադբեջանի կազմում ճանաչելու մասին հայտարարությունները՝ Արցախը, Սամվել Բաբայանի համոզմամբ, պարտավոր է ինքնուրույն քաղաքականություն վարել՝ նախաձառնելով Ստեփակարետ-Բաքու ուղիղ բանակացություններ և դրանց արդյունքում ձևավորել Ադրբեջանի հետ փոխվստահության մթնոլորտ. - «Այդ կերպ միայն հնարավորություն կստեղծվի Արցախում ապահվել ժողովրդի անվտանգությունը»։
Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի համոզմամբ, ստեղծված իրավիճակում ելք կա և' քաղաքական, և' դիվանագիտական ճանապարհով։ Բայց դրա համար, նախ և առաջ, Արցախի իշխանությունը պետք է իր մեջ ուժ գտնի և անձնական վախերը մի կողմ դնելով հայտարարի, թե ինչպես հայտնվեցին այս իրավիճակում և ով է թիվ մեկ պատասխանատուն. - «Այն չարաբաստիկ ծրագիրը, որ էսօր գործում ա Արցախի մասով, պետք է բացահայտվի սկզբից մինչև վերջ։ Իշխանությունը պետք է հստակ հայտարարի, որ Նիկոլ Փաշինյանին երբևէ թույլ չի տվել, որ նա Արցախի անունից, բացի ինքնորոշումից, այլ հարցեր քննարկի, որը այսօր քննարկում է Նիկոլ Փաշինյանը։ Եվ պետք է ասի, որ հայրենիքի հաշվին պետք չէ մտնել առևտրի մեջ և հանձնել հայրենիքի մի մասը իշխանությունը պահելու համար»։
Արցախցի ընդդիմադիր գործչի համոզմամբ, Արայիկ Հարությունյանի այդ հայտարարությունից հետո հայաստանյան քաղաքական ուժերը, նաև Հայաստանի ժողովուրդը թույլ չեն տա Փաշինյանին Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին փաստաթուղթ ստորագրել։