Իրավիճակն Արցախում վաղուց արդեն անցել է հումանիտար աղետ հասկացողության սահմանն և այսօր Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության ականատեսն ենք․ Արայիկ Հարությունյան
Իրավիճակն Արցախում վաղուց արդեն անցել է հումանիտար աղետ հասկացողության սահմանն և այսօր Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության ականատեսն ենք։ Այս մասին Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասաց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ է տեղի ունենում Արցախում վերջին երկու շաբաթվա ընթացքում՝ Արցախի Հանրապետությունն աղետի գոտի հայտարարելուց հետո։
«Եթե ձևակերպելու լինենք՝ Արցախը մի մեծ համակենտրոնացման ճամբար է, որտեղ Ադրբեջանն իրականացնում է ցեղասպանություն։ Պատահական չէ, որ օրեր առաջ ես դիմել եմ Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օքամփոյին՝ փորձագիտական կարծիք հայցելով։ Հիմա արդեն ունենք նախնական եզրակացություն, որ սա ցեղասպանություն է»,- նշեց Հարությունյանը
Անդրադառնալով ներկայում Արցախում առկա ծանր իրավիճակին, Արայիկ Հարությունյանը նախ ընդգծեց առողջապահության համակարգում դեղորայքի լուրջ պակասը` շեշտելով, որ դեղատներում արդեն կենսական անհրաժեշտության դեղատեսակների սղություն կա և շուտով ընդհանրապես չեն լինի։
«Տարբեր քրոնիկ հիվանդությունների բարդացման ու մահվան դեպքերի աճը շարունակվում է։ Օրինակ՝ արյան շրջանառության համակարգի հիվանդություններից մահվան դեպքերը առաջին կիսամյակում աճել են մոտ երկու անգամ։ Խոցելի են հատկապես հղիները, երեխաները, քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք,որոնց առողջական վիճակը վատթարանում է թերսնուցման, սթրեսների և այլ պատճառներով»,- ներկայացրեց Արցախի Հանրապետության նախագահը։
Ինչ վերաբերում է սննդին և մնացած այլ ապրանքներին, ապա Հարությունյանը հիշեցրեց, որ օրեր առաջ Արցախի Հանրապետությունը հայտարարել է աղետի գոտի՝ ակնկալելով, որ միջազգային հանրությունը հումանիտար աջակցություն կցուցաբերի, ինչպես աղետի պայմաններում իրականացնում է բոլորի համար։ Նրա խոսքով՝ Հայաստանը առաջինն է արձագանքել այդ հայտարարությանը, սակայն հումանիտար բեռով մեքենաների շարասյունը, որոնք առաջին անհրաժեշտության սնունդ ու դեղորայք պետք է մատակարարեին Արցախ, օրեր շարունակ կանգնած է Հակարիի կամրջի մոտակայքում, քանի որ Ադրբեջանն արգելում է շարասյան մուտքը Արցախի Հանրապետություն։
Արայիկ Հարությունյանի խոսքով` շրջափակման հետևանքով տասնյակ հազարավոր մարդիկանց, որոնք զրկվել են եկամտի աղբյուրից, պետք է փոխհատուցում տրամադրվի։ Բացի այդ, շրջափակման հետեւանքով քայքայված տնտեսությունը հետագայում վերականգնելու համար տասնամյակներ են պահանջվելու։
«Այսինքն՝ մենք, իրոք, ականատեսն ենք ցեղասպանության և այդ առումով քայլեր պլանավորում ենք»,- նշել է ԱՀ նախագահը։