Երևանում սկսված հանրահավաքի 5 մասնակից է ձերբակալվել, 3-ի մոտ իրավապահները հայտնաբերվել են սառը զենքեր
Խոսնակ Գոռ Աբրահամանն ասաց, որ միջոցներ են ձեռնարկվում նաև զանգվածային անկարգությունների կազմակերպիչների, մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանց ձերբակալելու ուղղությամբ։ Արդյո՞ք նրանց շարքում է երեկ Հանրապետության հրապարակի հարթակից հիմնականում ելույթ ունեցող և իշխանափոխության կոչեր հնչեցնող ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, ավագանու ընտրություններում «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը, իրավապահները դեռ չեն բացահայտում:
«Կազմակերպիչների գործողությունները ևս ֆիքսելու ու նաև դրանց իրավական գնահատական տալու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկված: Էդ համատեքստում բոլոր անձանց, իհարկե, անդրադարձ կկատարվի՝ համապատասխան գնահատականներով», - ասաց Աբրահամյանը:
Քննչականի ձերբակալած հավաքի մասնակիցներից մեկն անչափահաս է՝ 16 տարեկան, Արցախի նախկին բնակիչ։ Նախնական տվյալներով՝ նա ևս ոստիկանների ուղղությամբ քարեր, այլ առարկաներ է նետել։
«Այս քրեական վարույթի շրջանակներում կատարվել են լայնածավալ քննչական վարութային գործողություններ, օպերատիվ հետախուզական միջոցառումներ, ի հայտ են բերվել, ուսումնասիրվել են մեծ թվով տեսագրություններ, դրանց արդյունքում անհատականացվել են կոնկրետ անձանց գործողությունները կապված զանգվածային անկարգությունների հետ, մասնավորապես, կառավարության շենքի ուղղությամբ, նաև այնտեղ տեղակայված ոստիկանական ուժերի ուղղությամբ տարբեր տեսակի առարկաներ նետելու, ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելով՝ շարժ կազմակերպելու դեպի կառավարության շենք, այդ հանգամանքների առնչությամբ», - ընդգծեց ՔԿ խոսնակը:
Արցախի վրա ադրբեջանական հարձակման մասին տեղեկանալուց հետո երեկ Հանրապետության հրապարակում սկսված հանրահավաքն աստիճանաբար թեժացավ, ցուցարարները փորձեցին մտնել կառավարության շենք, նրանց շարքերից ոմանք տարբեր իրեր, այդ թվում՝ քարեր էին նետում ոստիկանների ուղղությամբ, սրանից հետո ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ կիրառեց։
Նախաքննության ընթացքում զննվել է դեպքի վայրը, որի արդյունքում առգրավվել են 50-ից ավելի քարեր, շշեր, երկաթի կտորներ՝ հաղորդում է Քննչական կոմիտեն։
Իրավապահները քննում են նաև վնասվածք ստացած ոստիկանների ու քաղաքացիների դրվագը։ Տուժած 42 անձանցից 16-ը ոստիկաններ են։ Լուսաձայնային նռնակներից, թե՞ հանրահավաքի մասնակիցների նետած իրերից են տուժել նրանք՝ Առողջապահության նախարարությունը չի մանրամասնում։ Լրատվական ծառայությունից փոխանցեցին, թե վնասվածքի պատճառը չեն տարբերակում, զբաղված են բուժմամբ։
Քննչական կոմիտեի խոսնակն ասում է՝ քննության ընթացքում կպարզվեն վնասվածքների ծագման աղբյուրն ու ըստ դրա էլ կորոշվի՝ քննել ոստիկանության կողմից լուսաձայնային նռնակներ կիրառելու հարցը, թե՝ ոչ։
Լուսաձայնային նռնակներից տուժած առնվազն մեկ քաղաքացու վնասվածք արձանագրել էր «Ազատության» տեսախցիկը, երկրորդի՝ իր լրագրողի մասին էլ ահազանգել էր «Հետքը»։