Խաղաղ բնակչության բռնի տեղահանումը խիստ արձագանքի կարժանանա ԵՄ կողմից. Բորել
Տարածած հայտարարությունում բարձր ներկայացուցիչը շեշտում է, որ Եվրամիությունը պատրաստ է «համապատասխան գործողություններ ձեռնարկել իրավիճակի հետագա վատթարացման դեպքում»։
Եվրամիությունը դատապարտել է Ադրբեջանի ռազմական գործողությունն ընդդեմ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և հրադադարի պահպանման հույս հայտնել, կոչ արել Բաքվին ու Ղարաբաղի հայերին անհապաղ ու թափանցիկ բանակցություններ սկսել։
«Եվրամիությունը կոչ է անում Ադրբեջանին հումանիտար հասանելիություն տրամադրել, այդ թվում՝ Լաչինի միջանցքի ամբողջական վերաբացման միջոցով՝ համաձայն ՄԱԿ-ի արդարադատության դատարանի որոշումների։ Մարդասիրական կազմակերպությունները պետք է կարողանան ազատորեն գործել և Եվրամիությունն ու անդամ երկրները պատրաստ են հումանիտար աջակցություն տրամադրել», - նաև նշված է հայտարարությունում։
Հայտարարությունում նաև ասվում է, որ Եվրամիությունը վերահաստատում է իր աջակցությունը և Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը. - «Մենք կոչ ենք անում Ադրբեջանին վերահաստատել իր միանշանակ հավատարմությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը՝ 1991թ. Ալմաթիի հռչակագրի համաձայն։ Եվրամիությունը պատրաստ է շարունակել աջակցությունը ժողովրդավարական ճանապարհով ընտրված Հայաստանի իշխանություններին, կայունությանը, անվտանգությանը և ժողովրդավարական բարեփոխումներին»։
Աջակցություն հայտնելով Եվրոպական խորհրդի հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին՝ բարձր ներկայացուցիչը դրանք վերսկսելու կոչ է անում։