«Եռաբլուրում» պատգամավորի նկատմամբ ֆիզիկական ներգործություն կատարելու կասկածանքով մեկ անձ է ձերբակալվել. ՔԿ
«Ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում քաղաքացիների և ԱԺ պատգամավորներ Հակոբ Ասլանյանի և Հովիկ Աղազարյանի միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ վերջիններիս քաշքշել են, հայհոյել, ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանին», - նշում է ՔԿ-ն:
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննությամբ պարզվել է պատգամավորի նկատմամբ առերևույթ Ֆիզիկական ներգործություն կատարած անձանց ինքնությունը: Հանցավոր արարքները կատարելու կասկածանքով ձերբակալվել և վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել Ա.Գ․-ն, հայտնել է իրավապահ կառույցը։
Անկախության օրն այսօր «Եռաբլուրում» միջադեպերով է սկսվել։ 2020 թվականի պատերազմում զոհված ու անհետ կորած զինծառայողների մի խումբ ծնողներ, հարազատներ ու քաղաքացիներ առավոտյան արգելել էին իշխող ուժի պատգամավորներ Հովիկ Աղազարյանին ու Հակոբ Ասլանյանին մտնել պանթեոնի տարածք, այդ թվում՝ նրանց մեղադրելով Հայաստանում ու Արցախում ստեղծված իրավիճակի համար։
Քաղաքացիներից մեկն անգամ հարվածել էր Հովիկ Աղազարյանին։