Փարիզը համաձայն է Երևանի հետ կնքել ռազմատեխնիկայի տրամադրման վերաբերյալ պայմանագիր. Կատրին Կոլոննա
«Ֆրանսիան տվել է իր համաձայնությունը Հայաստանի հետ ապագա պայմանագրի կնքման համար, որը հնարավորություն կտա ռազմատեխնիկայի տրամադրումը Հայաստանին, որպեսզի ՀՀ-ն կարողանա իր պաշտպանությունը ապահովել, պարզ է, որ առայժմ չեմ կարող մանրամասնել այս հարցը», - նշեց Ֆրանսիայի նախարարը, ավելացնելով, - «ես նաև պաշտոնապես գրավոր դիմել եմ Եվրամիության ներկայացուցիչ Ջոզեպ Բորելին դիտորդական առաքելությունը ընդլայնելու ու մանդատը հզորացնելու համար, որ կարողանան է՜լ ավելի օգտակար լինել Հայաստանին։ Ես նաև առաջարկել եմ ներառել Հայաստանը խաղաղության Եվրոպական մեխանիզմի մեջ, ինչպես օրինակ ծրագիրը, որ իրականացվում է Մոլդովայի համար»։
Ֆրանսիացի նախարարը նաև հույս հայտնեց, որ «ԵՄ-ն և դրա անդամները կսկսեն նույնպիսի հստակ ազդակներ ցույց տալ, ինչպես Ֆրանսիան է ցույց տալիս, որ ցանկացած գործողություն, որ կսպառնա Հայաստանի տարածքային ամբողջականությանը, շատ հստակ ու կոշտ արձագանքի կարժանանա, հուսով եմ, որ կարող ենք մեր հույսը դնել նաև այլ գործընկերների և բարեկամների վրա, մասնավորապես, նկատի ունեմ նաև ԱՄՆ-ին»։
Հարցին՝ արդյո՞ք Ֆրանսիայի համար կարևոր է, որպեսզի այդ պայմանագրի համար Հայաստանը դադարեցնի համագործակցությունը ՀԱՊԿ-ի հետ, Արարատ Միրզոյանը պատասխանեց. - «Մեր գործընկերները երբևէ այդպիսի պահանջ, նույնիսկ հարցադրում մեր առջև չեն դրել»:
Ֆրանսիան Սյունիքում կունենա պատվո հյուպատոս
Այսօր ծրագրված էր նաև Կոլոննայի այցը Սյունիքի մարզ՝ Գորիս, որը չի կայացել եղանակային վատ պայմանների պատճառով։
«Շատ կցանկանայի գնալ Սյունիք, որն առաջինն է եղել, որ մոբիլիզացվել է փախստականներին ընդունելու համար, այն մարդկանց, որոնք ստիպված են եղել լքել իրենց հողերը։ Նաև կցանկանայի գնալ Գորիս, քանի որ այնտեղ նշանակել ենք պատվավոր հյուպատոս, որը կամրապնդի Ֆրանսիայի ներկայությունը այդ կարևոր շրջանում՝ Սյունիքի մարզում», - ասաց Կոլոննան՝ ընդգծելով, որ իր այս այցը Հայաստան ևս «մի ձև է ցույց տալու, որ Ֆրանսիան շատ զգոն է լինելու ցանկացած սպառնալիքի նկատմամբ ՀՀ տարածքային ամբողջականության հանդեպ»։
«Ջանում ենք պայման ստեղծել, որպեսզի ՄԱԿ-ի ԱԽ-ում բանաձև հնարավոր լինի ընդունել»
«Ջանում ենք պայման ստեղծել, որպեսզի ՄԱԿ-ի ԱԽ-ում բանաձև հնարավոր լինի ընդունել», - հայտարարեց Կատրին Կոլոննան՝ պատասխանելով «Ազատության» հարցին, որ «Հայաստանի հանրության և իշխանության որոշ ներկայացուցիչների կողմից քննադատություն կա, որ Արևմուտքը ուշացավ, նույնիսկ Անվտանգության խորհուրդը բանաձև չընդունեց պաշտպանելու Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները»:
«Փորձել ենք հնարավորինս շատերին հավաքել այն սկզբունքների, արժեքների շուրջ, որ մենք ենք պաշտպանում, բայց չենք կարողացել բավականաչափ ուժեր հավաքել մեր շուրջը: Փորձում ենք նոր ճանապարհներ գտնել՝ ինչպես կարող ենք դասեր քաղել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկումներից», - ասաց Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարը:
«Կարծում եմ, որ այդ առումով մեր տեսլականը նույնն է, որ կարող ենք փորձել մեր տեսլականին միավորել ՄԱԿ-ի ԱԽ այլ անդամներ», - ասաց նա: