Կայացել է Պուտին-Էրդողան հեռախոսազրույցը․ քննարկվել է պաղեստինա-իսրայելական հակամшրտությունը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսազրույց է ունեցել իր թուրք պաշտոնակցի՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, զրույցի հիմնական թեման եղել է պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ վատթարացումը։
Հաղորդվում է, որ նախագահները մտահոգություն են հայտնել բռնության շարունակական աճի և խաղաղ բնակչության շրջանում զոհերի թվի աղետալի աճի կապակցությամբ։ Բացի այդ, նշվում է նաև, որ «ընդգծվել է երկու կողմերի կողմից կրակի անհապաղ դադարեցման և բանակցային գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը»։ Պուտինն ու Էրդողանը փոխադարձ պատրաստակամություն են հայտնել ակտիվորեն նպաստել հակամարտության կարգավորմանը։
ՌԴ-ի և Թուրքիայի առաջնորդներն ընդգծել են, որ Մերձավոր Արևելքի ճգնաժամի երկարաժամկետ խաղաղ կարգավորումը հնարավոր է միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից հաստատված «երկու պետություն» բանաձևի հիման վրա, որը նախատեսում է անկախ Պաղեստին պետության ստեղծում՝ 1967թ-ի սահմաններով և Արևելյան Երուսաղեմում իր մայրաքաղաքով։
Պաղեստինա-իսրայելական հակամարտությանն առնչվող հարցերից բացի, երկու երկրների նախագահներն անդրադարձել են նաև տարբեր ոլորտներում ռուս-թուրքական համագործակցության որոշակի հարցերին։ Նշվում է նաև, որ նրանց շփումները կշարունակվեն։