Դպրոցներ տնօրեն գործուղելը քաոս է առաջացնելու, դիմադրություն, որովհետև մարդիկ չեն ուզենա տեսնել դրսից որևէ մեկին. Ատոմ Մխիթարյան
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը
– Պարո՛ն Մխիթարյան, ինչպե՞ս եք գնահատում դպրոցներում տնօրենների թափուր հաստիքները լրացնելու վերաբերյալ ԿԳՄՍ նախարարության նոր նախագիծը։
– Այս նախագիծը նմանեցնում եմ հետևյալ դեպքին. երբ մարդ որևէ բան չի ունենում անելու, իր համար ստեղծում է բարդություններ, որպեսզի այդ բարդությունները լրացնի: Այս իրավիճակը շատ նման է նախարարության ստեղծած իրավիճակին, որովհետև այդ դպրոցների տնօրենների թափուր տեղերի հիմնական պատճառը նախարարությունն է՝ իր առաջադրած անիրականանալի ու սուբյեկտիվ պահանջներով, երբ տնօրեններից պահանջում են մի քանի բան, ու այդ պահանջներն անընդհատ ավելանում են: Պարզ է, որ մարդիկ պետք է դուրս գան, իսկ նոր մարդիկ չուզենան զբաղեցնել այդ պաշտոնը:
– Մասամբ արդեն պատասխանեցիք տրվելիք հարցին, բայց միայն դա՞ է պատճառը, որովհետև նախարարությունից էլ հստակ ասում են, որ այդ հաստիքի համար տեղերը թափուր են մնում, որովհետև թեկնածուները բավարար գիտելիքներ չունեն:
– Շատերն իսկապես գայթակղություն չունեն գնալ դպրոց ոչ միայն որպես տնօրեն աշխատելու, այլ նաև՝ որպես ուսուցիչ: Նախ ասեմ, որ դպրոցների շուրջ մեկ երրորդում այժմ տնօրեն չկա. նրանք կա՛մ պաշտոնակատար են, կա՛մ ժամանակավոր են զբաղեցնում այդ պաշտոնները, որպեսզի գոնե ուսումնական գործընթացը չխաթարվի:
Նույն պատկերն է ուսուցչի հաստիքի դեպքում, ու սա համընդհանուր խնդիր է Հայաստանի Հանրապետության համար, շատերն ուղղակի դպրոց չեն գնում, որովհետև աշխատավարձն է ցածր, զբաղվածությունն է բարձր նաև, ինչպես արդեն ասացի՝ շատ անիրականանալի ու սուբյեկտիվ խնդիրներ են դնում ուսուցիչների ու տնօրենների առջև, տնօրենների լիազորություններն են բաժանում երկու մասի՝ լրացուցիչ՝ ոչ կրթության մասնագետներ են բերում ու նշանակում տնտեսական հարցերով պատասխանատու դպրոցում, որը խաթարում է ոչ միայն ուսումնական գործընթացը, այլ նաև կրթական հաստատությունների բնականոն ընթացքը:
– Պարո՛ն Մխիթարյան, նոր որոշումը կլուծի՞ այդ խնդիրը, երբ նախարարությունն ինքը ինչ-որ մեկին գործուղի այդ հաստիքի համար այս կամ այն դպրոց:
– Ըստ էության ոչ մի բանով չի նպաստի կա՛մ կունենա բացասական հետևանք, որովհետև սա լրացուցիչ խառնաշփոթ կառաջացնի, քաոս է առաջացնելու ուսումնական հաստատություններում, առաջանալու է դիմադրություն դպրոցներում, որոնք չեն ուզենա տեսնել դրսից որևէ մեկի ներկայությունը տվյալ դպրոցում, իսկ այդ լրացուցիչ լարվածությունը կբերի մեր հիմնական նպատակի չկատարմանը, ինչի հետևանքով կրթության որակն է անկում ապրելու, ինչը հետևողականորեն արվում է վերջին վեց-յոթ տարիների ընթացքում:
– Փաստորեն նախարարության կողմից տնօրեն գործուղումը ավելի շատ ռիսկայի՞ն, քան արդյունավե՞տ եք համարում:
– Այո՛, նախ անհասկանալի է, թե ինչու տնօրենը պետք է լրացուցիչ վարձատրվի դրա համար: Շատ կոնկրետ հարց եմ տալիս. եթե այդ մարդը կա հիմա, որը պատրաստ է գործուղվել իքս դպրոց, նախարարությո՛ւն, ինչո՞ւ հենց սկզբից չես հորդորում, խրախուսում, որպեսզի այդ մարդը դիմի ու միանգամից դառնա այդ դպրոցի տնօրեն: Ինչի՞ համար է հարկավոր այդ շոուն կազմակերպել: Իմ առաջարկությունը սա է՝ եթե գիտեք այդ մարդկանց տեղը, հորդորեք նրանց թող դիմեն այս փուլում:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am
The post Դպրոցներ տնօրեն գործուղելը քաոս է առաջացնելու, դիմադրություն, որովհետև մարդիկ չեն ուզենա տեսնել դրսից որևէ մեկին. Ատոմ Մխիթարյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.