Ռուբեն Ռուբինյան. «Թուրքիայում չեմ սովորել» հայտարարությունն ու բաց աղբյուրների փաստերը
ՔՊ-ի ամենաակտիվ ստատուսագիրներից մեկը, որը միաժամանակ նաև ԱԺ փոխնախագահն է, այսօր ուղիղ եթերում հայտարարեց, որ ինքը երբեք Թուրքիայում չի սովորել։ Հայտարարությունը հնչեց որպես միանշանակ հերքում՝ ուղղված վերջին օրերին սոցիալական ցանցերում և մեդիա հարթակներում շրջանառվող քննարկումներին.
«Ես Թուրքիայում չեմ սովորել»,-երկու րոպեանոց ուղիղ եթերում խոսում է նա:
Սակայն սոցիալական ցանցերի, բաց աղբյուրների ու ինֆորմացիոն դարի այս իրականությունում, կարծես, Ռուբինյանի մտքով չի անցել, որ մի պարզ որոնմամբ կարելի է գտնել փաստեր, որոնք ասում են բոլորովին այլ բան։ Կամ էլ նա չափազանց միամիտ պատկերացում ունի իրեն լսող մարդկանց կարողությունների մասին:
Ըստ հանրային հասանելի տեղեկությունների՝ Ռուբեն Ռուբինյանը ստացել է միջազգային հարաբերությունների բակալավրի աստիճան Երևանի պետական համալսարանում, այնուհետև՝ քաղաքականության և անվտանգության մագիստրոսի աստիճան Լոնդոնի University College London-ում, ինչպես նաև եվրոպական հետազոտությունների մագիստրոսի աստիճան Լեհաստանի Jagiellonian University-ում։
Այս մասում որևէ հակասություն չկա։ Սակայն նույն կենսագրական աղբյուրները նշում են, որ Ռուբինյանը մասնակցել է Թուրքիա–Հայաստան Fellowship ծրագրին՝ որպես հետազոտող Istanbul Policy Center-ում, որը գործում է Sabanci University-ի շրջանակում։ Ծրագիրն իրականացվել է Hrant Dink Foundation-ի նախաձեռնությամբ և ուղղված էր երկու երկրի հասարակական ու ակադեմիական երկխոսությանը։
Բացի այդ, նույն բաց աղբյուրների համաձայն՝ Ռուբինյանը նաև fellowship (կրթաթոշակային ծրագիր) է իրականացրել Kadir Has University-ի Միջազգային և եվրոպական հետազոտությունների կենտրոնում՝ կենտրոնանալով հայ-թուրքական հարաբերությունների և սևծովյան տարածաշրջանի վրա։
Եթե «սովորել» ասելով նկատի է առնվում դասական համալսարանական կրթությունը (degree-granting studies), ապա Ռուբեն Ռուբինյանի հայտարարությունը ձևականորեն ճիշտ է։ Սակայն եթե հանրային ընկալմամբ «սովորել»-ը ներառում է նաև ակադեմիական կրթաթոշակներ, հետազոտական ծրագրեր և ինստիտուցիոնալ ներկայություն համալսարանների շրջանակում, ապա ամբողջական պատկերը այլ է։
Իրականում անհասկանալի է այս հերքման իմաստը, առավել ևս՝ ինչու է ԱԺ պաշտոնական կայքում նշված, որ նա 2017-2018 թվականներին զբաղվել է գիտական գործունեությամբ, որը համընկնում է Թուրքիայում նրա հետազոտությունների ժամանակահատվածի հետ։ Այս մասին նշված է նաև Հրանտ Դինք հիմնադրամի էջում՝ իրականացման ժամկետը՝ 2017 թվականի նոյեմբեր-2018 թվականի մայիս։
Փաստերի ամբողջական ներկայացումը հաճախ ավելի արդյունավետ է, քան կարճ հերքումները, որոնք կարող են ճիշտ լինել բառացի իմաստով, բայց հարցեր առաջացնել բովանդակային մակարդակում։
Ինչպես ասում էր Բեռնարդ Շոուն. «Ճիշտն ասելը դժվար է միայն այն ժամանակ, երբ փորձում ես թաքցնել մնացած մասը»։
Մարի Ներսեսյան
MediaLab.am
The post Ռուբեն Ռուբինյան. «Թուրքիայում չեմ սովորել» հայտարարությունն ու բաց աղբյուրների փաստերը first appeared on MediaLab Newsroom-Laboratory.