Ուկրաինան խաղաղության համար խոչընդոտ չի եղել և չի լինի. Զելենսկի
Ուկրաինան խոչընդոտ չէ Ռուսաստանի կողմից սանձազերծված պատերազմի ավարտի համար, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հունվարի 15-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հեռախոսազրույցից հետո հրապարակված տեսաուղերձում։ Հաղորդագրությունը տեղադրվել է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքում։
«Քիչ առաջ խոսեցի Մարկ Ռյուտեի հետ, մասնավորապես՝ PURL (Ուկրաինայի կարիքների առաջնահերթ ցուցակ) նախաձեռնության և հակաօդային պաշտպանության համար հրթիռներ ձեռք բերելու մեր հնարավորությունների մասին», – նշել է Զելենսկին։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ զրույցում նա անդրադարձել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջերս արված հայտարարությանը, ըստ որի խաղաղության հաստատմանը խոչընդոտում է ոչ թե Մոսկվան, այլ Կիևը։
«Մենք նաև խոսել ենք ԱՄՆ-ի հետ դիվանագիտական աշխատանքի մասին։ Ուկրաինան երբեք չի եղել և երբեք չի լինի խաղաղության խոչընդոտ», – ընդգծել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների դեմ շարունակական հարձակումները վկայում են այն մասին, որ Մոսկվան խաղաղություն չի ցանկանում։
«Հենց ռուսական հրթիռները, ռուսական «Շահեդ»-ները (անօդաչու թռչող սարքեր) և Ուկրաինան ոչնչացնելու Ռուսաստանի փորձերը հստակ ապացույց են, որ Ռուսաստանը բոլորովին հետաքրքրված չէ որևէ համաձայնությամբ», – ասել է Վոլոդիմիր Զելենսկին։
The post Ուկրաինան խաղաղության համար խոչընդոտ չի եղել և չի լինի. Զելենսկի first appeared on MediaLab Newsroom-Laboratory.