Քննիչը մերժել է կաթողիկոսի` երկրից բացակայելու արգելքը հեռացնելու միջնորդությունը.փաստաբան
Քննիչը մերժել է Գարեգին Բ կաթողիկոսի՝ երկրից բացակայելու արգելքը հեռացնելու մասին պաշտպանի միջնորդությունը։ Այս մասին Ֆեյսբուքում գրառում է կատարել փաստաբան Արա Զոհրաբյանը։
Նա նշել է, որ Վրաց ուղղափառ եկեղեցուց ստացվել է հրավեր Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի հուղարկավորության սուրբ արարողությանը ներկա գտվելու և մասնակցելու Աստվածային սուրբ պատարագին, որը տեղի է ունենալու սույն թվականի մարտի 22-ին:
«Եղբայրական ժողովրդի այս մեծագույն վշտի պահին պատշաճ էր, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնակցի տեղի ունենալիք եկեղեցական սուրբ արարողություններին:
Վերոնշյալով պայմանավորված՝ անհրաժեշտություն էր առաջացել Ամենայն Հայոց Կաթողիկոսին թույլատրել մի քանի օրով մեկնելու Հայաստանի Հանրապետությունից դուրս՝ Վրաստանի Հանրապետություն:
Այս կապակցությամբ միջնորդություն էի ներկայացրել քննիչին:
Այսօր ստացա քննիչի որոշումը միջնորդությունը մերժելու վերաբերյալ:
Ցավում եմ, բայց սա հերթական ակնհայտ անօրինական որոշումն է, որը մեր երկրի վարկանիշին մեծ վնաս է հասցնելու»,- գրել է Զոհրաբյանը:
The post Քննիչը մերժել է կաթողիկոսի` երկրից բացակայելու արգելքը հեռացնելու միջնորդությունը.փաստաբան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.