Ղարաբաղյան շարժման ներքո մեր երկիրը դրել ենք օտար աշխարհաքաղաքական շահերի զոհասեղանին. Փաշինյան
Հայաստանի գործող իշխանությունը հասկացել է, որ Ղարաբաղյան շարժման շրջանակում երկիրը դրվել է օտար աշխարհաքաղաքական շահերի ազդեցության տակ։ Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստանի քարտեզի տեսքով կրծքազարդի վերաբերյալ հարցին։
«Ես ուրախ եմ, որ մենք այդ ճանապարհն անցել ենք և ունենք ուժ՝ խոստովանելու, որ Ղարաբաղյան շարժման ներքո մեր երկիրը դրել ենք օտար աշխարհաքաղաքական շահերի զոհասեղանին։ Մենք դա հասկացել ենք շատ ուշ։ Կան քաղաքական ուժեր, որոնք դա չեն էլ հասկացել և չեն էլ հասկանալու», – նշել է վարչապետը։
«Երբ մենք ինքներս ուղղակի կամ անուղղակի կերպով ժխտել ենք Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքը, փաստացի ասել ենք, թե այն գոյություն չունի։ Այդ տրամաբանության մեջ մենք աստիճանաբար զիջել ենք մեր ինքնիշխանությունն ու անկախությունը։ Իսկ այն պահից, երբ վերադարձել ենք Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքի գաղափարին, սկսել ենք դառնալ ավելի ինքնիշխան, ավելի անկախ, ավելի անվտանգ և ավելի հեղինակավոր պետություն», – ասել է նա։
Վարչապետը հավելել է, որ ներկայացված քարտեզը Հայաստանի ինքնիշխանության, անկախության և պետականության խորհրդանիշն է։
The post Ղարաբաղյան շարժման ներքո մեր երկիրը դրել ենք օտար աշխարհաքաղաքական շահերի զոհասեղանին. Փաշինյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.