«Գույն, գիծ, ծավալ». Ավետիք Էլոյանի առաջին ցուցահանդեսը
2025 թվականի հոկտեմբերի 21-ին Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնի ցուցասրահում (Աբովյան 13) բացվել է ճարտարապետ Ավետիք Էլոյանի առաջին անհատական ցուցահանդեսը՝ «Գույն, գիծ, ծավալ»։
Ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են 30 տարվա ընթացքում ստեղծված աշխատանքները, կարծես պատասխանում է ճարտարապետության եւ արվեստի հարաբերությունների մասին մշտական հարցին՝ որտե՞ղ է ավարտվում հաշվարկը եւ սկսվում է ազատությունը։
Ճարտարապետների ընտանիքում ճարտարապետներ հաճախ են ծնվում։ Ավետիք Էլոյանի մասնագիտությունն էլ կարծես կանխորոշված էր։ Ավարտելով Ճարտարապետական ֆակուլտետը՝ նա երկար տարիներ աշխատում է մասնագիտությամբ՝ ԱՄՆ-ում եւ Հայաստանում:
Բայց ինչպես ինքն է խոստովանում, ինչ-որ պահի ճարտարապետության չափազանց կազմակերպված տրամաբանությունը սկսեց ճնշել:
«Ի տարբերություն ճարտարապետությանը՝ նկարչությունը խիստ տրամաբանական չէ. այն ավելի շատ զգացողություն է, ենթագիտակցական վիճակ», - ասում է Ավետիք Էլոյանը։
«Նկարել սկսել եմ երկու տարեկանից, բայց կյանքը տարավ դեպի ճարտարապետություն։ Իսկ նկարչությունը, միգուցե, ներքին փախուստի մի տեսակ մնաց ինձ համար։ Ճարտարապետը կախված է պատվիրատուից, պետական եւ համայնքային մարմինների որոշումներից։ Պահ է գալիս, երբ ուզում ես անկախ լինել, ինքդ քո «պատվիրատուն» լինել։ Այդտեղ է սկսվում արվեստը, երբ նախապես գծված սահմաններ չկան եւ կարող ես կտավի դիմաց կանգնել՝ չիմանալով թե գույնը քեզ ուր կտանի», - բացատրում է նա:
Նկարելու պրոցեսն էլ համեմատում է մեդիտացիայի հետ. «Որքան քիչ ես մտածում, այնքան ավելի իրական է դառնում ստեղծագործությունը։ Երբ հստակ գաղափար ես դնում նկարի մեջ, այն դադարում է արվեստ լինել»։
Իր համար արվեստը ոչ թե մտածելու, այլ զգալու տարածք է. վրձնի առաջին հպումով նա մտնում է «անհայտ գոտի», որտեղ գույներն ու ձեւերը սկսում են թելադրել հաջորդ քայլերը։
«Ես ճանապարհին եմ։ Հենց ասացիր՝ տեղ ասա, էլ իմաստ չունի շարունակել։ Նպատակն ինքնին ճանապարհն է։ Հիմա ես այդ ճանապարհի սկիզբն եմ ապրում՝ որպես նկարիչ», - անկեղծանում է Ավետիք Էլոյանը։
Ցուցահանդեսը մասամբ ստիպել է նրան ավելի գիտակցաբար նայել սեփական գործերին.
«Մեկ վայրում հավաքված տեսնել 30 տարվա աշխատանքը՝ ե՛ւ ուրախացնում է, ե՛ւ վախեցնում։ Տեսնում ես, թե որքան բան է անցել քո միջով»։
Ցուցահանդեսի վերնագիրը՝ «Գույն, գիծ, ծավալ», արտացոլում է երեք հիմնական «լեզուները», որոնցով Ավետիքը «խոսում է» կտավի հետ.
«Երեքն էլ գործիք են ինձ համար։ Գիծը՝ որպես ճարտարապետական ժառանգություն, գույնը՝ որպես հուզմունք, իսկ ծավալը՝ որպես մտածողության տարածք»։
Նկարներում ճարտարապետական մտածողությունը թաքցնելու նպատակ չունի.
«Հնարավոր չէ ամբողջությամբ ազատվել այդ տրամաբանությունից։ Երբեմն, խանգարում է, բայց ես դրա դեմ չեմ պայքարում»։
Ամենամեծ կտավները ստեղծվել են կյանքի դժվար պահերին.
«Հիմնականում նկարում եմ այն ժամանակ, երբ բարդ շրջան եմ ունենում։ Դա էմոցիաները դուրս բերելու մի ձեւ է։ Չեմ ասի՝ թեթեւանում եմ, բայց օգնում է հասկանալ, թե ինչ եմ զգում»։
«Գույն, գիծ, ծավալ»-ը Ավետիք Էլոյանի առաջին ցուցահանդեսն է. նախկինում իր աշխատանքները ցուցադրելու մասին չէր մտածել: «Շատ պրակտիկ էի՝ ուրիշ մասնագիտություն, ուրիշ ռեժիմ։ Իսկ հիմա, երեւի, հասել եմ այն կետին, երբ հետաքրքիր է՝ ուրիշներն ինչ կտեսնեն այս գործերում», - բացատրում է նա:
Ցուցահանդեսի գաղափարը ծնվեց 50-ամյակի նախօրեին: ««Կլոր» տարեթիվ էր` մտածեցի՝ ինչո՞ւ ծնունդս այսպես չնշել։ Ճիշտ է, ցուցահանդեսը մի քանի ամսի ուշ բացվեց, բայց կարեւորը՝ բացվեց»։
Ավետիք Էլոյանի «Գույն, գիծ, ծավալ» ցուցահանդեսը կգործի մինչեւ հոկտեմբերի 26-ը ներառյալ:
Աստղիկ Հովհաննեսով
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի