Երեւանում ողջունել են Իլհամ Ալիեւի հայտարարությունը
«Հայաստանը ողջունում է Ադրբեջանի նախագահի հայտարարությունը՝ դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացման մասին։
Այս քայլը կարեւոր նշանակություն ունի տարածաշրջանային հաղորդակցությունների բացման, փոխվստահության ամրապնդման եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման գործում՝ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններին համահունչ», - ասել է Նազելի Բաղդասարյանը:
Պաշտոնական այցով Աստանայում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաեւի հետ համատեղ մամուլի ասուլիսում այսօր ասել է.
«Ադրբեջանը վերացրել է Հայաստան բեռնափոխադրման բոլոր սահմանափակումները, որոնք գոյություն ունեին, եւ առաջին նման տարանցիկ բեռը ղազախական հացահատիկի առաքումն էր դեպի Հայաստան: Կարծում եմ, սա նաեւ լավ ցուցանիշ է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղությունը միայն թղթի վրա չէ, այլեւ՝ գործնականում»: