Ֆասթեքսի ներկայացուցիչները կրթական նախաձեռնություններով են հանդես եկել Վենետիկի Կա՛ Ֆոսկարի համալսարանում
Օրերս Վենետիկի հնագույն պալատ հանդիսացող Կա՛ Ֆոսկարի համալսարանում տեղի է ունեցել դասընթաց, որի գլխավոր բանախոսն էր Ֆասթեքսի իրավաբանական գծով տնօրեն եւ տնօրենների խորհրդի անդամ Վարդան Խաչատրյանը: Դասը, որը վարում էր Բանասիրական գիտությունների դոկտոր, Վենետիկի համալսարանի պրոֆեսոր Սոնա Հարությունյանը, մեծ հաջողություն է ունեցել՝ ուսանողներին տալով լայն պատկերացումներ բլոկչեյն տեխնոլոգիայի եւ Web3-ի զարգացող ոլորտի մասին:
«NFT-ների եւ մշակութային ժառանգության պահպանումը թվային դարաշրջանում» թեմայով ելույթի ընթացքում Վարդան Խաչատրյանն ուսանողներին հաղորդակից է դարձրել ոլորտում ունեցած իր մեծ փորձին՝ անդրադառնալով բլոկչեյն տեխնոլոգիայի ընձեռած հնարավորություններին եւ տարբեր ոլորտների վրա դրա հեղափոխական ազդեցությանը։ Նա ներկայացրել է Web3-ի փոխակերպող ներուժը՝ ընդգծելով այս առաջընթացը հասկանալու եւ ընդունելու կարեւորությունը:
«Ֆասթեքսը, որպես Web3 ընկերությունների խումբ, ունի իր ուրույն ազդեցությունն արվեստի ոլորտում, հատկապես ԱԿՆ նախագծով: Ֆասթեքսի միջոցով մենք համագործակցում ենք համալսարանների հետ, այդ թվում՝ Կա՛ Ֆոսկար, որպեսզի ուսանողներին նաեւ հասանելի դարձնենք Web3-ը, տեխնոլոգիաները, եւ թե դրանք ինչպես կարող են ազդեցություն ունենալ արվեստի եւ այլ հումանիտար ոլորտների վրա»,- ասել է Խաչատրյանը։
Դասընթացի մոդերատոր պրոֆեսոր Հարությունյանը բարձր է գնահատել նախաձեռնությունը՝ ընդգծելով ոլորտի առաջատարների եւ ակադեմիական շրջանակների միջեւ նման փոխգործակցության կարեւորությունը․ «Վենետիկի համալսարանը շատ է կարեւորում հանրային ներգրավվածության շրջանակում իրականացնել ավանդական դասընթացներին զուգահեռ սեմինարներ, հանդիպումներ: Եվ մեր այսօրվա միջոցառումը Ֆասթեքս ընկերության ներկայացուցիչների հետ գալիս է լրացնելու այդ շրջանակում տեղի ունեցող միջոցառումների շարքը: Շատ կարեւորում ենք մեր համագործակցությունը Ֆասթեքս ընկերության հետ»:
Կա՛ Ֆոսկարի համալսարանի շրջանավարտ եւ Ֆասթեքսի Մարքեթինգի բովանդակության նախագծերի համակարգող Նարե Հարությունյանն ուսանողներին պատմել է իր անցած ուղու մասին՝ ոգեշնչելով նրանց հումանիտար գիտելիքները լավագույն ձեւով կիրառել այս արագ փոփոխվող թվային աշխարհում:
Այդ համագործակցության շրջանակում օրեր առաջ Վենետիկի Ջուզեպպե Պարինի ավագ դպրոցի աշակերտները բացառիկ հնարավորություն էին ունեցել այցելելու Վենետիկի AKNEYE ֆիջիթալ սփեյս եւ զրուցելու նկարչուհի Մարգարիտա Զախարովայի հետ: Աշակերտները նաեւ նկարել են Ակնուլունքի վրա, որը հետագայում որպես հատուկ նվեր տրվել է դպրոցին։
«Fastex-ն իր AKNEYE նախագծով խթանում է շարունակական կրթական գործակցությունը: Հաշվի առնելով Վենետիկում ընթացող Բիենալեն՝ նման նախաձեռնություններն ավելի մեծ նշանակություն ունեն, քանի որ միավորում են տեխնոլոգիան ու գեղարվեստական կրթությունը եւ բարձրացնում են ոլորտների վերաբերյալ իրազեկվածությունը երիտասարդների շրջանում»,- ասվում է հաղորդագրությունում: