Translit.am-ի վերադարձը․ Ռեմ Դարբինյանը AI-ով վերագործարկել է իր հին կայքը
Ռեմ Դարբինյանը վերագործարկել է տարիներ առաջ ստեղծած իր translit.am կայքը՝ այս անգամ AI-ի օգնությամբ։
Մոտ 20 տարի առաջ, երբ հայատառ գրելը համացանցում լուրջ խնդիր էր, Դարբինյանը ստեղծել էր գործիք, որը լատինատառ տեքստը փոխարկում էր հայատառի։ Այդ ժամանակ նախագիծը մշակվել էր շուրջ երեք ամիս եւ արագ գտել իր օգտատերերին՝ դառնալով հարյուրավոր մարդկանց անհրաժեշտ գործիք։
«Այս կայքիս մասին երկար տարիներ մոռացել էի, մինչեւ վերջերս նկատեցի, որ չի աշխատում։ Կոդերը այնքան հին էին, որ իմաստ չուներ շտկելը: Որոշեցի վայբկոդինգով 0-ից գրել կայքը AI-ի օգնությամբ։ Եվ ահա, ձեզ եմ ներկայացնում վերածնված translit.am-ը։ Այստեղ կարելի է գրել լատինատառ եւ դա կդառնա հայատառ։ Կա նաեւ վիրտուալ ստեղնաշար»,- գրել է նա։
Դարբինյանի խոսքով՝ ամբողջ նախագիծը իրականացվել է ընդամենը 6 ժամում, որից 1 ժամը ծախսվել է տեքստային հուշումների ձեւակերպման վրա, իսկ մնացած աշխատանքը կատարել է արհեստական բանականությունը։
«Գրվել է 3773 տող կոդ եւ ստեղծվել 19 ֆայլ (ներառյալ լոգոն եւ դիզայնը)։ GPT-ի ասելով՝ senior ծրագրավորողը այս պրոյեկտի վրա կծախսեր 2–3 շաբաթ, իսկ junior-ը՝ 2–3 ամիս»,- նշել է Ռեմ Դարբինյանը։
Գործիքը փորձարկման համար հասանելի է այստեղ։