ԲՏԱ նախարարը մասնակցել է երեխաների առցանց անվտանգության քննարկմանը
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է «Հեռահաղորդակցության շաբաթ 2026» միջոցառումների շրջանակում կազմակերպված «Երեխաների առցանց անվտանգություն. պետության եւ կապի օպերատորների դերը» խորագրով կլոր սեղան-քննարկմանը։
Քննարկմանը մասնակցել են պետական եւ միջազգային կառույցների ներկայացուցիչներ, կապի օպերատոր ընկերությունների ղեկավար կազմի ներկայացուցիչներ, ոլորտի մասնագետներ եւ այլ շահագրգիռ կողմեր։
Մխիթար Հայրապետյանը նշել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում այս ուղղությամբ աշխատանքները էապես ակտիվացել են՝ թվային միջավայրում երեխաների պաշտպանությունը դարձնելով կառավարության ռազմավարական առաջնահերթություններից մեկը։
Նախարարի խոսքով՝ խնդիրը միջգերատեսչական բնույթ ունի եւ պահանջում է համակարգված մոտեցում՝ պետական տարբեր կառույցների ներգրավմամբ։ Այդ համատեքստում նախաձեռնվել է սերտ համագործակցություն մասնավոր եւ միջազգային գործընկերների, այդ թվում՝ Իզմիրլյան հիմնադրամի եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ։ Ստեղծվելու է փորձագիտական խումբ, որը կիրականացնի խորքային հետազոտություն եւ կներկայացնի առաջարկությունների փաթեթ եւ գործողությունների ճանապարհային քարտեզ՝ ներառելով տարբեր սցենարներ։
Մխիթար Հայրապետյանը նշել է, որ մշակվող առաջարկների փաթեթը ներառելու է լուծումների շրջանակ՝ սկսած իրազեկման մեթոդներից մինչեւ տեխնիկական եւ օրենսդրական հնարավոր սահմանափակումներ։ Այս բոլոր քայլերն ուղղված են անչափահասների առցանց պաշտպանության մակարդակի բարձրացմանը։
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել կապի օպերատորների առանցքային դերին՝ որպես պետության գործընկերների, տեխնիկական եւ տեխնոլոգիական լուծումների մշակման եւ ներդրման գործընթացում։ Հայրապետյանը կարեւորել է նաեւ միջազգային փորձի ուսումնասիրությունը եւ առաջատար հարթակների հետ համագործակցությունը՝ առկա գործիքները Հայաստանում հասանելի դարձնելու նպատակով։
Մասնակիցները կարեւորել են պետական եւ մասնավոր հատվածների միջեւ սերտ համագործակցության անհրաժեշտությունը՝ արդյունավետ եւ համապարփակ լուծումներ մշակելու համար։ Միջոցառման ավարտին ամփոփվել են քննարկման արդյունքները եւ նախանշվել հետագա համատեղ քայլերը՝ ուղղված երեխաների առցանց անվտանգության ապահովման ոլորտում համագործակցության խորացմանը։
Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության եւ Հայաստանի «Օպերատորների միություն» ՀԿ-ի նախաձեռնությամբ։