ԵԱՏՄ դեղորայքի միասնական շուկան պետք է գործի այս տարի, ասել է Մեդվեդեւը
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւն այսօր հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) դեղորայքի միասնական շուկան ընթացիկ տարում պետք է սկսի գործել:
Ինչպես հաղորդում է Finmarket.ru-ն, այս մասին Դմիտրի Մեդվեդեւն ասել է Մոսկվայում՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ, որին մասնակցում է նաեւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Պետք է այնպես անել, որ այս շուկան իր ամբողջ ծավալով սկսի գործել ընթացիկ տարում»,- ասել է Դմիտրի Մեդվեդեւը:
Նրա խոսքով` ԵԱՏՄ երկրների համար այս ճյուղը սոցիալական մեծ նշանակություն ունի: Ներկայում ԵԱՏՄ երկրները կիրառում են դեղորայքի շուկայի կարգավորման իրենց ազգային նորմերը:
«Պետք է հարթել առկա տարաձայնությունները եւ ընդունել համապատասխան փաստաթղթեր, որոնք կենթադրեն դեղորայքի եւ բժշկական նշանակության ապրանքների շրջանառության միասնական սկզբունքների եւ կանոնների կիրառում»,- ասել Դմիտրի Մեդվեդեւը:
ՌԴ վարչապետը նշել է նաեւ, որ վերջին շրջանում Եվրամիությունը հետաքրքրության ազդակներ է ցուցաբերում ԵԱՏՄ-ի հետ աշխատանքի նկատմամբ, ինչը «նկատելի չէր նախկինում»: