Շարմազանով. Ղարաբաղյան կարգավորման փաթեթի բաղադրիչներն անջատելու անհնարինության մասին Լավրովի հայտարարությունը Բաքվին հղված ուղերձ է
Արմինֆո.Ղարաբաղի խնդիրը լուծելիս կարգավորման փաթեթի բաղադրիչներն անջատելու անհնարինության մասին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը որոշակի ուղերձ է Ադրբեջանին, որը փորձում է փաթեթից անջատել մեկ տարր` պետության տարածքային ամբողջականության սկզբունքը, և դրա հիման վրա լուծել հակամարտությունը:
Այդ մասին հայտարարել է ԱԺ փոխխոսնակ, կառավարող ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը` ամփոփելով Ռուսաստանի արտգործնախարարի Հայաստան այցի արդյունքները:
«Այն փաստը, որ Լավրովը հատկապես ընդգծեց մեկ փաթեթի շրջանակում ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու համալիր մոտեցման անհրաժեշտությունը, չափազանց կարևոր է, դա այն է, ինչի մասին բազմիցս ասել է հայկական կողմը, և դա ևս մեկ ապացույց է այն բանի, որ հայկական կողմի դիրքորոշումը նույնական է Մինսկի միջնորդների մոտեցումների հետ` ընդհանուր մոտեցումներից Բաքվի քաղաքականության տարբերության ֆոնին: Լավրովի այդ հայտարարությունը հստակ ահազանգ է Ադրբեջանին՚, - հայտարարել է Շարմազանովը:
Նա նաև չափազանց կարևոր է համարել Լավրովի այն հայտարարությունը, որում վերջինը փաստում է ղարաբաղյան կարգավորման հարցում Մինսկի միջնորդների դիրքորոշումների նույնականությունը` չնայած միջնորդ երկրների տարաձայնություններին այլ հարցերում:
Անդրադառնալով Լավրովի մեկ այլ հայտարարությանն` այն մասին, որ «Ռուսաստանն ուրախ կլինի տեսնել Ադրբեջանին ԵԱՏՄ կազմում՚, Շարմազանովը նշել է. «Երբ այդ հարցն օրակարգ մտնի, Հայաստանը կարտահայտի իր դիրքորոշումը՚:
Հիշեցնենք, որ նախօրեին Երևանում կայացած մամուլի ասուլիսում Սերգեյ Լավրովը, անդրադառնալով ղարաբաղյան կարգավորմանը, մասնավորապես, հայտարարել էր.
«Լուծումներն ամրագրված են բազմաթիվ փաստաթղթերում, որոնք 2007, 2009, 2011 թվականներից ի վեր պահվում են ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի մոտ, դրանով իսկ դրանք ամրագրված են որպես համանախագահների առաջարկություններ, դրանք բոլոը մնում են բանակցությկյունների սեղանին միագումար ձևով: Միակ բանը, որ ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել, ինչպես ասել եմ Բաքվում, այդ բաղադրիչները ձևավորված են փաթեթում, և դժվար է վերցնել մեկը, երկուսը կամ երեքը և դրանց հիման վրա պայմանավորվել, քանի որ այդ դեպքում դուրս են մնում հաշվեկշռող բաղադրիչները, և չի լինի այն արդյունքը, որը մենք բոլորս ակնկալում ենք՚: