Սերժ Սարգսյան. Հարցրեք ՝ որևէ խոշոր արտադրող ունի՞ խնդիր իրացման հետ: Չկա նման դեպք
Արմինֆո. Հիմա չկա Հայաստանում որևէ ապրանք արտադրող, որը շատ թե քիչ մրցունակ է և խնդիրներ ունի այդ ապրանքն իրացնելու հարցում: Այս մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ելույթ ունենալով տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովի ամփոփիչ նիստում:
Ինչպես տեղեկացրել է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, իր խոսքում նախագահը, մասնավորապես, հիշեցրել է այն մասին, որ վարչապետը կոչ է արել, որպեսզի համայնքները ներկայացնեն իրենց զարգացման ծրագրերը: « Շատ ողջունելի և բոլորիս համար անհրաժեշտ առաջարկություն է, բայց ներկայացվեցին ընդհանուր թվով 180 ծրագրեր, որոնցից միայն 108-ը հասան քննարկման փուլ: Դրանցից 58-ն են արժանացել կառավարության հավանության, բայց հետագայում ներկայացնողները հրաժարվել են իրենց իսկ մշակած 44 ծրագրերից: Սա ի՞նչ է նշանակում. նշանակում է, որ կառավարությունը ձեզ հնարավորություն է տվել աշխատելու, օժանդակություն ստանալու, բայց պայմանով, որպեսզի դուք ունենաք ծրագրեր, որպեսզի ձեր համայնքները կարողանան օգտվել ծրագրեր կազմելու և իրականացնելու ձեր ունակություններից: Բայց արդյունքում ի՞նչ դարձավ` այդքան խոսեցինք, այդքան աշխատեցիք և ընդամենը 14 ծրագիր: Համաձայնեք, որ դա առաջին հերթին ձեր մեղքն է և ոչ կառավարության: Պետք է այս հարցերին ուշադրություն դարձնել»,-նշել է նախագահը:
Ըստ ՀՀ նախագահի, «մեզ օդի պես անհրաժեշտ են հաջողված պատմություններ»: «Եթե մենք ամեն մարզում ունենանք 5, 7, 10 հաջողված ծրագրեր, հավատացեք, որ հաջորդ տարի, դրանից հետո մյուս տարի կրկնապատկվելու, եռապատկվելու են: Նախագահը կարևորել է տարածքային կառավարման նախարարության նախաձեռնությունները: «Բայց դա չի նշանակում, որ համայնքի ղեկավարներն պետք է իրենցից թոթափեն ամբողջ պատասխանատվությունը: Հասկանալի է, որ մասնավորի հետ մենք կարող ենք առանձին աշխատել և կաշխատենք հաճույքով, բայց համայնքների զարգացման ծրագրերը պետք է ծնվեն առաջին հերթին համայնքապետի նախաձեռնությամբ»,-նշել է նախարարը:
Նախագահը նշել է, որ երկարաժամկետ հեռանկարում հաջողություն է ձեռք բերվում այն ծրագրերի շնորհիվ, որոնք համայնքները կապում են համաշխարհային արժեքային ցանցերին: Սերժ Սարգսյանի խոսքով, իրականացվող ծրագրերի շահառուների շրջանակը կարող է զգալիորեն ընդլայնել քաղաքաշինության ստանդարտների, անշարժ գույքի կառուցման և կառավարման կանոնները: «Եթե մի քանի բառով ավելի հասկանալի ասելու լինեմ, ապա պետք է հստակ օրինակ բերեմ վերջին 2-3 տարիների մեր գործունեությունը` կապված Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հետ: Հիմա չկա Հայաստանում որևէ ապրանք արտադրող, որը շատ թե քիչ մրցունակ է և խնդիրներ ունի այդ ապրանքն իրացնելու հարցում: Իհարկե, եթե մենք ունենք հարյուր հազարավոր գյուղացիական տնտեսություններ, որոնք արտադրում են քիչ քանակությամբ և ոչ որակյալ արտադրանք, ապա դա որոշակի դժվարություններ իրենից ներկայացնում է, բայց հարցրեք՝ որևէ խոշոր արտադրող ունի՞ խնդիր իրացման հետ: Չկա նման դեպք»,-հայտարարել է նախագահը: Նրա խոսքով, Հայաստանն այդ մեծ արժեշղթայի մի մասն է դարձել. մենք դարձել ենք 170 միլիոնանոց շուկայի մաս, և այս հնարավորություններից մենք պետք է օգտվենք: «Ես կարծում եմ, որ տեսանելի ապագայում ունենալու ենք նաև մի ձեռնարկություն, որը պետք է փորձի միավորել այդ մանր գյուղացիական տնտեսությունների հնարավորությունները՝ նախօրոք պայմանավորվելով ու նրանցից գնելով նրանց արտադրանքն ու ընդհանուր բրենդի տակ արտահանելու դեպի այլ շուկաներ»,-հայտարարել է ՀՀ նախագահը, հույս հայտնելով, որ, Կենտրոնական բանկի ներկայացրած հնարավոր ֆինանսական գործիքները նոր նախաձեռնություններ մշակելու և ներկայացնելու առիթ կտան: «Դրական օրինակները կարող են լավ իմաստով վարակիչ լինել: Կարծում եմ, որ Կենտրոնական բանկը կարող է իրականացնել վերապատրաստման ծրագրեր՝ նորարական ֆինանսավորման մոտեցումները համայնքներին ներկայացնելու և դրանց միջոցով նոր որակի համայնքային զարգացման ծրագրեր իրագործելու համար»,-նշել է Սարգսյանը:
Նրա կարծիքով, նախաձեռնողը պետք է լինի համայնքը: Նախաձեռնողականության և հստակ ծրագրերի առկայության դեպքում կենտրոնական բանկը կարող է սկզբնական շրջանում խորհրդատվություն մատուցել ծրագրերը ներդրողներին ներկայանալի դարձնելու համար: «Համայնքներն իրենք պետք է առաջին հերթին ձգտեն ստեղծել համապատասխան կարողություններ: Այստեղ մենք, իհարկե, հենվելու ենք լավագույն միջազգային փորձի վրա՝ ներգրավելով բոլոր շահագրգիռ միջազգային կառույցներին»,-նշել է նա: Նրա կարծիքով, անցնելով խորհրդարանական կառավարման համակարգին՝ մենք պետք է նորովի վերաիմաստավորենք պետական կառավարումը մարզերում, նոր օրենսդրական կարգավորումներ ստեղծենք և հետևենք դրանց պրակտիկ իրականացմանը:
«Այստեղ կարևոր դերակատարություն պետք է ստանձնեն մարզպետները՝ հաղթահարելով դիտորդի և կառավարությունից համայնքների ղեկավարներին ինչ-ինչ հորդորներ և ուղերձներ փոխանցողի, պարզապես պասիվ համակարգողի կամ զուտ տեղական կառավարչի դերը: Մարզպետները պետք է կարողանան հմտորեն օգտվել կառավարության ստեղծած բազմաթիվ հնարավորություններից: Պետք է նաև ընդլայնել առկա գործիքակազմը և էապես ավելացնել մարզերի տնտեսական զարգացման ու համայնքների աջակցման գործառույթները, ինչպես նաև դրանք իրականացնելու համար անհրաժեշտ համապատասխան կարողությունները»,-նշել է ՀՀ նախագահը:-