Չավուշօղլու. Քանի դեռ Թուրքիայի պայմանները չեն կատարվել, Ցյուրիխյան արձանագրությունների իրականացումը հնարավոր չէ
Արմինֆո.Քանի դեռ Թուրքիայի պայմանները չեն կատարվել, Ցյուրիխյան արձանագրությունների իրականացումը հնարավոր չէ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Բաքվում Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման արդյունքների համաձայն համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Պատասխանելով Հայաստանի և Թուրքիայի միջև 2009 թ. ստորագրված արձանագրությունների ճակատագրի մասին հարցին՝ նախարարը հիշեցրել է, որ Հայաստանը ներկայացրել է այդ արձանագրություններն իր Սահմանադրական դատարանին, որն իր հերթին փաստաթղթից բացառել որոշ կարևոր հոդվածներ: «Մենք ցանկացել ենք անել դա՝ որոշակի պայմաններով: Հիմնական պայմանն այն Էր, որ Հայաստանը լքում էօկուպացված տարածքները, ինչից հետո մենք կարգավորում ենք մեր կապերը: Քանի դեռ մեր պայմանը չի կատարվել, համաձայնագրի իրականացումն անհնար է»,- ասել է նա:
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն Աթենքում հայտարարել էր, որ մինչ օրս այս փաստաթղթերը չեն վավերացվել, քանի որ Թուրքիան առաջ քաշեց անհիմն նախապայմաններ, որոնք հակասում էին Արձանագրությունների տառին և ոգուն: «Այս փաստաթղթերը չեն կարող ընդմիշտ պատանդ մնալ, և դա է պատճառը, որ Հայաստանի Նախագահը սեպտեմբերին ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի ամբիոնից հայտարարեց, որ Հայաստանը արձանագրություններն առ ոչինչ կհայտարարի, քանի որ չկա որևէ դրական առաջընթաց դրանց իրականացման համար, և մենք 2018թ գարունը կդիմավորենք առանց այդ Արձանագրությունների՚, - հայտարարել էր Հայաստանի արտգործնախարարը:
Նալբանդյանի այդ հայտարարությունը հարուցել էր Անկարայի նյարդային արձագանքը: Թուրքիայի ԱԳՆ-ը Հայասատանի արտաքին քաղաքական գերատեսչությանը մեղադրել է Ցյուրիխյան արձանագրությունների մասին ճշմարտությունն աղավաղելու և միջազգային հանրությանը մոլորեցնելու փորձի մեջ:
Նշենք, որ 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայայստանի և Թուրքիայի արտգործնախարարներն ստորագրել էին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրություն՚ և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրություն՚, որոնք պետք է խելամիտ ժամկետներում վավերացվեին երկու երկրների խորհրդարաններում: Սակայն 2010 թվականի ապրիլի 22-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, հրամանագիր ստորագրելով արձանագրությունների վավերացման գործընթացի կասեցման մասին, փաստորեն, սառեցրեց այդ գործընթացը: