Apple-ը բուժհաստատություն է բացում իր աշխատակիցների համար
Ամերիկյան Apple ընկերությունը մտադիր է բժիշկների վարձել իր աշխատակիցներին սպասարկելու համար:
Ինչպես հաղորդում է CNN-ը, տեխնոլոգիական ընկերությունը մտադիր է AC Wellness ցանցի մեջ ընդգրկված երկու բուժհաստատություն բացել՝ նպատակ ունենալով «անկախ և արդյունավետ բուժօգնություն տրամադրել Apple-ի աշխատակիցների համար»:
Ընկերությունը աշխատատեղերի հայտարարություն է տվել, որոնց թվում՝ առաջնային բուժօգնություն տրամադրողի, շտապ օգնության բժշկի, բուժքրոջ, բժշկի օգնականի և այլ հաստիքների համար:
Ինչպես Apple-ից հայտնել են, AC Wellness-ն աշխատանքներն սկսելու է գարնանը:
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ բուժհաստատության աշխատակիցներն աշխատելու են գերժամանակակից կենտրոնում, որը բացվելու է Apple-ի՝ Կուպերտինոյի գրասենյակի մոտակայքում: