Պետք է հնարավորություն ունենալ քրեական դատավարության շրջանակում ներկայացնել ոչ նյութական վնասի պահանջ, Ավետիսյանների գործով դա անհնար էր. փաստաբան
Կյանքի իրավունքի խախտման փաստով բարոյական վնասի հատուցման պահանջով քաղհայցը առաջին ատյանի դատարանում քննության չառնվելուց հետո Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների ներկայացուցիչները դիմել էին Սահմանադրական դատարան: Սահմանադրական դատարանն այսօր հրապարակելու էր որոշումը, որի հրապարակումը, սակայն հետաձգվել է մինչև մարտի 16-ը:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ավետիսյանների իրավահաջորդներից Արամազդ Կիվիրյանը:
«Մենք վիճարկում ենք Քրեական դատավարության այն նորմերը, որոնց հղում են կատարել դատարանները` պատճառաբանելով, որ քրեական դատավարության շրջանակներում հնարավոր չէ ներկայացնել ոչ նյութական վնասի հատուցման պահանջ, մեր կողմից այդ նորմերի սահմանադրականության հարցն է բարձրացվել:
ՍԴ ներկայացվել էր դիմում, որ ՍԴ-ն անդրադարձ կատարի այդ նորմերին և իր իրավական գնահատականը տա ՍԴ նորմերի տեսանկյունից: Այսօր պետք է հրապարակվեր որոշումը, սակայն այն հետաձգվել է մինչև մարտի 16-ը: Ինձ հայտնեցին, որ որոշման հրապարակումը հետաձգվել է պատճառաբանությամբ, որ անհրաժեշտություն է առաջացել լրացուցիչ կարգով ուսումնասիրել նյութերը, թե ինչ նյութերի մասին խոսքը՝ ՍԴ-ից չի պարզաբանվել»,-ասաց Արամազդ Կիվիրյանը:
Հարցին, թե դիմողներն ի՞նչ են ակնկալում Սահմանադրական դատարանից, Կիվիրյանն ասաց, որ իրավական տեսանկյունից ՍԴ-ի որոշումը պետք է լինի այնպիսին, որ հնարավորություն ընձեռվի ներկայացնելու ոչ նյութական վնասի պահանջ, և Սահմանադրական դատարանի որոշումը պետք է լինի այնպիսին, որ վերանայման վարույթ հարուցելու հնարավորություն ընձեռվի:
«Ես դա եմ ակնկալում, որովհետև դատարանները փաստարկել են, որ քրեական դատավարության շրջանակներում հնարավոր չէ այդպիսի պահանջի ներկայացումը, իմ համոզմամբ` դա իրավաչափ չէ և հաշվի առնելով նաև մեր հայցի վերաբերյալ արտահայտած դիրքորոշումները` այդ թվում Ազգային ժողովում, ՄԻՊ-ում, հաշվի առնելով նաև միջազգային պրակտիկան` ապա անձը չպետք է զրկված լինի այդ պահանջը ներկայացնելու հնարավորությունից: Նրան պետք չէ մատնացույց անել մեկ այլ դատարան»,-ասաց Կիվիրյանը՝ հավելելով, որ չի կարելի գործը տրոհել և ասել՝ այս հարցով դիմեք այլ դատարան:
Հարցին, թե ՍԴ-ի կողմից դիմումը բավարարելու դեպքում Ավետիսյանների գործով քաղհայցի պահանջ կներկայացվի՞, Արամազդ Կիվիրյանն ասաց, որ այդ ժամանակ դա հենք կհանդիսանա, որպեսզի իրենց կողմից ներկայացվի համապատասխան բողոք, որի շրջանակներում պետք է այդ դրա վերանայման վարույթ հարուցի. «Դա հնարավորություն կտա, որ այդ գործի շրջանակներում քաղաքացիական հայցը քննության առարկա դառնա»:
«Ավետիսյանների գործով առաջին ատյանի դատարանն ասաց, որ քաղհայցով առանձին դիմեք Քաղաքացիական դատարան, բայց ինչպե՞ս. իրենք հասկանում էին, որ դա անհնար է, որովհետև պահանջը պետք է ներկայացվեր Ռուսաստանի Դաշնության դեմ, իսկ Քաղաքացիական դատավարության օրենսգիրքն այդ ժամանակ սահմանում էր, որ հայցը գտնվում է պատկանողի գտնվելու վայրի դատարան, այսինքն՝ ոչ ՀՀ-ում: Մենք ՀՀ-ում չէինք կարող ներկայացնել այդ հայցը»:
Նշենք, որ քաղհայցով Ավետիսյանների իրավահաջորդները ՌԴ-ից պահանջում էին 450 հազար եվրոյի բարոյական փոխհատուցում: