Իրանում կործանված թուրքական ինքնաթիռի օդաչուն արտակարգ վայրէջքի թույլտվություն չէր խնդրել. հայտնի են օդանավի կործանման մանրամասները
Իրանի ավիացիոն իշխանությունները հերքել են ավելի վաղ մամուլում տարածված լուրերը, թե օրերս երկրի տարածքում կործանված թուրքական Canadair CL-600 ինքնաթիռը թույլտվություն է խնդրել արտակարգ վայրէջքի համար ու մերժվել:
Ինչպես գրում է T24 կայքը, Իրանի ավիացիոն իշխանությունները հաղորդագրությամբ հերքել են լուրն ու նշել, որ կործանված ինքնաթիռի օդաչուն անկումից առաջ արտակարգ վայրէջքի թույլտվություն չի խնդրել:
Հայտարարության մեջ նաև շեշտվել է, որ թուրքական Başaran Holding ընկերությանը պատկանող ինքնաթիռի օդաչուն կապ է հաստատել տեղի Օդային երթևեկության վերահսկողության կենտրոնի հետ ու հայտնել տեխնիկական անսարքության մասին: Օդաչուն զգուշացրել է, որ կարիք ունի թռիչքը շարունակելու համար իջեցնել բարձրությունը և ցածր թռիչքի իրականացման պահին կորցրել է հավասարակշռությունն ու կործանվել:
Կործանված ինքնաթիռում գտնվել է 11 մարդ, բոլորը զոհվել են: Զոհերի թվում է նաև Başaran Holding-ի ղեկավար, թուրք հայտնի գործարար Հուսեյն Բաշարանի դուստրը՝ Մինե Բաշարանը: Օդանավն օդ է բարձրացել Արաբական Միացյալ Էմիրություններից և ուղևորվելիս է եղել Ստամբուլ: Իրանցի փրկարարներն արդեն հայտնաբերել են բոլոր զոհերի մարմիններն ու կործանված ինքնաթիռի «սև արկղերը»: