Չեմպիոնների լիգա. Ուլռայխի ճակատագրական սխալն ու «Ռեալի» ընդհանուր հաղթանակը (տեսանյութ)
Կայացավ Չեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակչի «Ռեալ»-«Բավարիա» պատասխան հանդիպումը:
«Սանտագո Բերնաբեուում» կայացած մրցավեճն ավարտվեց մարտական ոչ-ոքի՝ 2:2, ինչի շնորհիվ «արքայական» ակումբը դուրս եկավ եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի եզրափակիչ:
Հաշիվը բացվել էր 3-րդ րոպեին. աչքի էր ընկել Ջոշուա Կիմիխը: 8 րոպե անց Բենզեման հավասարեցրել է հաշիվը:
Երկրորդ խաղակեսի մեկնարկային րոպեին խայտառակ սխալ թույլ տվեց մյունխենյան թիմի դարպասապահ Սվեն Ուլռայխը, ինչից օգտվեց Բենզեման և գնդակն ուղարկեց անպաշտպան դարպասը:
63-րդ րոպեին Խամես Ռոդրիգեսը գնդակն ուղարկեց իր նախկին թիմի դարպասը ու չտոնեց այն: «Բավարիային» ավելին անել չհաջողվեց. «Ռեալը» դիմակայությունում հաղթեց 4:3 հաշվով և դուրս եկավ եզրափակիչ:
Զինեդին Զիդանի գլխավորած թիմը 3-րդ անգամ կպայքարի ՉԼ-ի գավաթի համար. նախորդ 2 անգամ «Ռեալը» նվաճել է բաղձալի մրցանակը:
Եզրափակչում «Ռեալի» մրցակիցը կլինի «Ռոմա»-«Լիվերպուլ» զույգի հաղթողը. դիմակայության առաջին խաղում անգլիական ակումբը հաղթել է 5:2 հաշվով: