Գերմանիան այլևս չի կարող լռել ԱՄՆ-ի հետ տարաձայնությունների մասին. երկրի ԱԳՆ
Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը հայտնել է, որ Գերմանիան այլևս չի կարող լռել ԱՄՆ-ի հետ տարաձայնությունների մասին: Այս հայտարարությունը նա արել է Süddeutsche Zeitung-ին տված հարցազրույցում:
«Մենք սովոր էինք, որ կարող ենք ապավինել առկա պայմանավորվածություններին: Իրավիճակն արմատապես փոխվել է», - ասել է Մաասը՝ հավելելով, որ Եվրոպայի սամաններից դուրս ԱՄՆ-ն մնում է Գերմանիայի ամենամոտ գործընկերը:
«Սակայն տարաձայնություններ կան, որոնց մասին մենք այլևս չենք կարող լռել: Այսպես, օրինակ, Վաշինգտոնի դուրս գալը կլիմայի վերաբերյալ համաձայնագրից, Իրանի հետ միջուկային ծրագրից և մաքսատուրքերը միակողմանի որոշումներ են, որոնք վնասում են Եվրոպային», - ընդգծել է նախարարը:
Մաասը նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գիտակցաբար է դիմել այս քայլերին, ու հավելել է, որ նրա գործունեությունը վեր է դասում ԱՄՆ-ն այլ երկրներից, ինչն «ավելի անվտանգ կամ հանգիստ չի դարձնում աշխարհը»:
Մաասը եվրոպական պետություններին ավելի սերտ համագործակցության կոչ է արել ու ողջունել է եվրոպական անվտանգության խորհուրդ ստեղծելու գաղափարը, որի հեղինակը Գերմանիայի նախկին արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն ու նրա ֆրանսիացի գործընկեր Ժան-Մարկ Էրոն են, և որը ողջունել է նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
«Նոր լուծումները հայտնվում են գործընկերներ փնտրելու ժամանակ: Ավելի արդյունավետ ու արագ գործելու համար մեզ փոփոխություններ են հարկավոր», - ասել է նա: