Տասնյակ հազարավոր պաղեստինցիներ բողոքի ցույցի են հավաքվել Գազայի և Իսրայելի սահմանին (լուսանկարներ)
Տասնյակ հազարավոր պաղեստինցիներ բողոքի ակցիաներ են իրականացնում Իսրայելի և Գազայի հատվածի միջև սահմանին:
Ինչպես տեղեկացնում է The Times of Israel-ը՝ հղում անելով իսրայելական բանակին, ցուցարարներն սկսել են անվադողեր այրել սահմանի երկայնքով տարբեր հատվածներում: Վեց մարդ տուժել է:
Աղբյուրի հաղորդմամբ՝ իսրայելական բանակն ակնկալում էր, որ զանգվածային ցույցերը Գազայի հատվածում անցկացվելու են երեքշաբթի, որը համընկնում էր Վեցօրյա պատերազմի 51-րդ տարելիցի հետ: Սակայն ՀԱՄԱՍ-ը պաղեստինցիներին կոչ է արել փողոց դուրս գալ ուրբաթ՝ Ռամադանի վերջին ուրբաթ օրը:
Նշվում է, որ իսրայելցի զինծառայողները միջոցներ են ձեռնարկել ցույցերը ցրելու համար և «բարձր մարտական պատրաստականություն են պահպանում»:
Մեկ այլ իսրայելական աղբյուրի հաղորդմամբ՝ իսրայելական բանակի հարյուրավոր դիպուկահարներ են տեղակայվել Գազայի հատվածի հետ սահմանի երկայնքով: