Առևտրային մաքսատուրքերի պատճառով համաշխարհային ՀՆԱ-ն մինչև 2020 թվականը կարող է նվազել 430 մլրդ դոլարով
ԱՄՆ-ի և այլ երկրների կողմից սահմանված մաքսատուրքերի պատճառով համաշխարհային ՀՆԱ-ն մինչև 2020 թվականը կարող է նվազել 0.5 տոկոսով կամ մոտ 430 մլրդ դոլարով:
Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը, այս մասին ասվում է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տնօրեն Քրիստին Լագարդի հայտարարության մեջ, որը հրապարակվել է G20-ի անդամ երկրների ֆիննախարարների և կենտրոնական բանկերի ղեկավարների՝ Բուենոս Այրեսում կայանալիք հանդիպմանն ընդառաջ:
Լագարդի խոսքով՝ ԱՄՀ-ի մասնագետներն ուսումնասիրել են համաշխարհային տնտեսության զարգացման մի շարք սցենարներ, որոնք առնչվում են ԱՄՆ-ի առևտրային մաքսատուրքերին և դրանց պատասխան սահմանափակումներին այլ երկրների կողմից:
Դրանցից մեկի համաձայն՝ մաքսատուրքերի գործարկման պարագայում մինչև 2020 թվականը արտադրության ծավալը կնվազի 0.1 տոկոսով: Իսկ եթե ներդնողների վստահությունը խախտվի այդ մաքսատուրքերի պատճառով, ապա համաշխարհային ՀՆԱ-ն կարող է կրճատվել 0.5 տոկոսով կամ մոտ 430 մլրդ դոլարով: