Փյունիկի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը` երկրպագուներին. Առանց ձեզ չէր լինի այս պատմական հաղթանակը
«Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանը շնորհակալություն է հայտնել բոլոր այն երկրպագուներին, ովքեր աջակցել են երևանյան ակումբին Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլի` ղազախական «Տոբոլի» հետ տնային խաղում.
«Ֆուտբոլը միայն խաղ չէ: Ֆուտբոլը տոն է, երջանկություն, երբ հաղթում է քո սիրելի թիմը: Երեկ «Փյունիկի» կազմում խաղացել է լիարժեք 12-րդ խաղացող` ի դեմս մեր սիրելի երկրպագուների:
Մենք միասին էինք, մենք մեկ թիմ էինք` ֆուտբոլիստները, մարզիչներն ու մեր նվիրված երկրպագուները:
Առանց ձեզ չէր լինի այս պատմական հաղթանակը: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր եկել էին մարզադաշտ, նրանց, ովքեր երկրպագում էին մեզ համակարգիչների և հեռուստաէկրանների առջևից: Միասին մենք շատ բաների ենք ունակ»,- գրել է Արթուր Սողոմոնյանը ֆեյսբուքի իր էջում:
Հիշեցնենք` երևանյան ակումբը Մուհամեդ Կոնատեի` 83-րդ րոպեին խփած միակ գոլի շնորհիվ հաղթանակ է տարել և դարձել հայկական առաջին ակումբը, որը դուրս է եկել Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլ: