«Ներիր, որ բարդացրինք կյանքդ»․ Մոսկվայում սպանված Միխայիլ Խաչատուրյանի կրտսեր դուստրը նամակ է հղել մորը
Մոսկվայում 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանի սպանության համար մեղադրվող երեք դուստրերից կրտսերը՝ Մարիան, քննչական մեկուսարանից նամակ է հղել մորը՝ Աուրելիա Դունդուկին, գրում է woman.ru-ն։
Հուզիչ նամակում 17-ամյա աղջիկը խնդրել է մորը չարտասվել ու շատ չտխրել, ինչպես նաև նշել է, որ ինքն ուժ ունի հաղթահարելու այս ամենը։
«Կարևորը՝ ես ցանկանում եմ, որ դու շարունակես ապրել և ուրախանալ կյանքով։ Դու ամենաթանկն ես, ինչ մենք ունենք, և մենք չենք ցանկանում, որ մեր պատճառով քո կյանքը կործանվի», - գրել է Մարիան։
Նա նաև ներողություն է խնդրել մորից՝ նրա կյանքը բարդացնելու համար։
«Իմացիր, որ մենք քեզ շատ ենք սիրում, ու դու չպետք է տխրես ու հատկապես՝ արտասվես։ Ներիր այն բանի համար, որ բարդացրինք քո կյանքն ու մնացյալ ամեն ինչի համար»,- նշել է աղջիկը։
Հիշեցնենք, որ սպանությունը տեղի է ունեցել հուլիսի 27-ին՝ Մոսկվայում: 17, 18, 19 տարեկան հարազատ քույրերը, այլևս չդիմանալով հոր՝ իրենց նկատմամբ դաժան ու կոպիտ վերաբերմունքին, դանակով բազմաթիվ հարվածներ են հասցրել նրան: Ձերբակալությունից հետո քույրերը խոստովանել են, որ հայրը տարիներ շարունակ տանջել է իրենց, ստորացրել ու սեռական բնույթի գործողությունների դրդել:
Մոսկվայի Օստանկինյան դատարանը որոշել է խստացնել Խաչատուրյան քույրերի դեմ մեղադրանքը: Նախկինում քույրերին սպառնում էր մինչև 15 տարվա ազատազրկում՝ «Սպանություն՝ առանց ծանրացուցիչ հանգամանքների» հոդվածով, մինչդեռ հավելյալ նյութերի քննության արդյունքում մեղադրանքը խստացվել է, և այժմ նրանց սպառնում է մինչև ցմահ ազատազրկում: Սակայն քույրերից կրտսերն անչափահաս լինելու պատճառով չի կարող ազատազրկվել 10 տարուց ավելի ժամկետով:
Քույրերը հարցաքննության ժամանակ ընդունել են իրենց մեղքը՝ մանրամասնելով, որ հայրը տարիներ շարունակ տանջել է իրենց: