Սնոուդենը գաղտնի ամուսնացել է Ռուսաստանում
ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, որը քաղաքական ապաստան է ստացել Ռուսաստանում, հայտնել է, որ գաղտնի ամուսնացել է ՌԴ-ում, գրում է The Guardian-ը:
Սնոուդենի ընտրյալը նրա ընկերուհին է` Լինդսի Միլսը: Զույգը հարաբերություններն օրինականացրել է երկու տարի առաջ:
Սնոուդենի խոսքով` նա արդեն ազատվել է ամերիկյան գործակալների կողմից անընդհատ հետապնդման ենթարկվելու վախից և սկսել է սովորական կենսակերպ վարել: Հիմա նա ազատ զբոսնում է քաղաքում, այցելում է ցուցահասրահներ և ընկերների հետ ժամանակ է անցկացնում hասարակական վայրերում:
«ՌԴ կառավարության կողմից իրականացվող խնդրահարույց քաղաքականության հետևանքով մարդիկ հաճախ մոռանում են այն փաստի մասին, որ Ռուսաստանն աշխարհի ամենագեղեցիկ երկրներից մեկն է: Մարդիկ այստեղ շատ ընկերական են»,- հավելել է Սնոուդենը:
2013 թվականին Սնոուդենը տեղեկատվություն է տարածել ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից քաղաքացիների հանդեպ կիրառվող վերահսկողության մեթոդների, ինչպես նաև պետությունների առաջնորդների հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների վերաբերյալ: Նշված իրադարձություններից հետո Սնոուդենը Չինաստան է մեկնել, այնտեղից էլ` Մոսկվա, որտեղ էլ քաղաքական ապաստան է ստացել: 2017 թվականին Սնոուդենի`ՌԴ-ում ժամանակավոր կացության թույլտվությունը երկարացրել են 3 տարով:

