«Ռուսաստանը Վրաստանի հետ ՆԱՏՕ-ի պատճառով պատերազմ չի սկսի»․ Լավրով
Հարցազրույցում Լավրովն ասել է նաև․ - «Ես միշտ կողմնակից եմ եղել, որ Ռուսաստանը բարեկամություն անի Վրաստանի հետ»:
Ռուս-վրացական հարաբերությունները սրվել էին հունիսի 20-ին, այն բանից հետո, երբ Վրաստանի խորհրդարանում տեղի ունեցած կոնֆերանսի ժամանակ ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովը զբաղեցրել էր Վրաստանի օրենսդիր մարմնի ղեկավարի աթոռը և փորձել հավաքի աշխատանքները շարունակել ռուսերեն լեզվով: Այդ տեսարանը դժգոհության ալիք էր բարձրացրել նիստին ներկաների շրջանում, ինչպես նաև խորհրդարանի շենքում՝ հանգեցնելով բողոքի ակցիաների: Արդեն հաջորդ օրը՝ հունիսի 21-ին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել էր արգելել բոլոր չվերթները դեպի Վրաստան: Ընդ որում՝ Վրաստանը ռուսաստանցի զբոսաշրջիկների համար ամենասիրված ուղղություններից է:
«Կոմերսանտին» տված հարցազրույցում Ռուսաստանի արտգործնախարարը խոսել է նաև այն մասին, որ Մոսկվան նախատեսում էր անցած ամռանը չեղարկել մուտքի վիզաները Վրաստանի քաղաքացիների համար: - «Այդ որոշումն արդեն պատրաստ էր, բարդ որոշում էր, սակայն Պուտինը որոշում էր կայացրել մուտքի վիզաները չեղարկելու մասին, որպեսզի մեր ժողովուրդները շփվեն, տուրիզմը զարգանա: Հունիսյան այդ իրադարձություններն, իհարկե, հետ մղեցին ամբողջ գործընթացը», - ասել է Սերգեյ Լավրովը՝ հույս հայտնելով, որ իրավիճակը կփոխվի, քանի որ Վրաստանում՝ «իրենց դիրքերն են ուժեղացնում խելամիտ քաղաքական գործիչները»:
2008թ․ ռուս-վրացական հնգօրյա պատերազմից հետո երկու երկրների միջև չկան դիվանագիտական հարաբերություններ: Վրաստանի այդ ժամանակվա նախագահ Միխեիլ Սաակաշվիլին միակողմանի չեղարկել էր մուտքի վիզաները ռուսաստանցիների համար, սակայն Վրաստանի քաղաքացիների համար մուտքի վիզաները գործում են մինչ օրս:
«Կոմերսանտին» տված հարցազրույցում Սերգեյ Լավրովը անդրադառնում է նաև ռուս – վրացական պատերազմին: Լրագրողն ընդգծում է, թե ռուս – վրացական պատերազմի արդյունքում Ռուսաստանը ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը, ինչը անհնար է դարձրել Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին: Լավրովի պնդմամբ, այն ժամանակ՝ 2008-ի օգոստոսին, Ռուսաստանը, զորք մտցնելով Վրաստան և ճանաչելով դե յուրե Վրաստանի մաս կազմող տարածքների անկախությունը, մտածել է ոչ թե ՆԱՏՕ-ի մասին, այլ նպատակ է ունեցել փրկել այնտեղ ապրող մարդկանց կյանքը, քանի որ՝ «վրացական բանակի տրամադրությունն այնպիսին էր, որ այդ մարդկանց կարող էին պարզապես կոտորել»:
Ամեն դեպքում, իր հարցազրույցում Լավրովը ևս մեկ անգամ ընդգծում է, որ Մոսկվային դուր չի գալիս ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի սահման և եթե Վրաստանն այդուամենայնիվ դառնա Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ, հարաբերությունները թե՛ ՆԱՏՕ-ի, և թե՛ Վրաստանի հետ էլ ավելի կվատանան: - «Բայց Ռուսաստանը Վրաստանի դեմ դրա պատճառով պատերազմ չի սկսի», - լրագրողին հանգստացրել է Ռուսաստանի արտգործնախարարը:

