Կրակոցներ Երևանի Հրազդան կիրճում
Սեպտեմբերի 7-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 22։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդանի կիրճում գործող «8-րդ հրաշալիք» ռեստորանային համալիրի տարածքում կրակոցներ են հնչել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հարություն Դանիելյանի գլխավորությամբ, նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գարիկ Վարոսյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել, ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Թաթուլ Միրզոյանն ու կրտսեր պարեկ Նարեկ Ավետիսյանը։
Դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են կրակված 1 պարկուճ և 1 փամփուշտ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 22։50-ի սահմաններում Երևանի բնակիչ, 33-ամյա Արթուր Հ․-ն իր ծննդյան օրը «8-րդ հրաշալիք» ռեստորանում նշելու ժամանակ իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել։
Մինչ դեպքի վայրում քննություն էին կատարում քննիչները, Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և ՀՀ ՆԳՆ ՊԾ Երևանի գնդի 1-ին գումարտակի պարեկները տաք հետքերով հայտնաբերում են Արթուր Հ․-ին և տեղափոխում ոստիկանության Մալաթիայի բաժին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ՝ առանց փամփուշտների։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
The post Կրակոցներ Երևանի Հրազդան կիրճում appeared first on ԳԱԼԱ.