Մենք չենք պայքարում նրա համար, որ մեզնից մեկն իշխանություն լինի, այլ պայքարում ենք, որ առհասարակ Հայաստանն իշխանություն ունենա․ Իշխան Սաղաթելյան
Մեզ բոլորին միավորում է մեկ նպատակ՝ Հայաստանի և Արցախի պաշտպանությունն է։ Այս մասին այսօր Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ, Ազգային կոմիտեի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Ձեզնից յուրաքանչյուրը, որ այս հրապարակում է, այս օրերին զրկանքների, տառապանքի գնով, դիմադրելով բռնություններին, պայքարում է մեկ նպատակի համար՝ ի պաշտպանություն Արցախի և Հայաստանի։ Ձեզնից որևէ մեկն այս օրերին այս հրապարակում չէ այս հարթակից որևէ մեկին իշխանության բերելու համար։ Ես ասել եմ մի քանի անգամ, մեկ անգամ ևս կրկնում եմ՝ մենք չենք պայքարում նրա համար, որ մեզնից մեկն իշխանություն լինի, այլ պայքարում ենք, որ առհասարակ Հայաստանն իշխանություն ունենա։ Հետևաբար՝ ձեր պայքարը սրբազան պայքար է»,- նշեց Սաղաթելյանը։
Սաղաթելյանի խոսքով՝ Արցախը ցեղասպանության է ենթարկվում, մեր քույրերն ու եղբայրները ողբերգության և աղետի մեջ են։
«Հայաստանում և աշխարհի ցանկացած անկյունում ապրող մարդ չի կարող անտարբեր լինել, չի կարող իր առօրյայով ապրել։ Մեր քույրեն ու եղբայրները ցեղասպանության եզրին են։ Կոչ եմ ուղղում բոլոր նրանց, ովքեր այս հրապարակում չեն՝ եկե՛ք, միացե՛ց, խնդում ենք, աղաչում ենք, պահանջում ենք՝ եկե՛ք, միացե՛ք»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ արցախցին մենակ չէ։ Թեև կան բազմաթիվ խնդիրներ ՝ անվտանգությունից մինչև սննդի ապահովում։
«Դուք այսօր, այս հրապարկում գտնվող ցանկացած անձ, իր ամենօրյա պայքարով պաշտպանում է Հայաստանի որևէ գյուղ, կանգնած է արցախցու կողքին, պետք է շարունակենք այս պայքարը։ Այսօր Արցախն ու Հայաստանն անպաշտպան են, որովհետև այս շենքում նստածներն օտար են, ցեղասպանության հանցակից են»,- հավելեց ՀՅԴ գործիչը և շարունակեց, - «Երեկ Ազգային կոմիտեն հայտարարեց դասադուլ, գործադուլ և անհնազանդության ակցիաներ։ Ի շնորհիվ ձեզնից յուրաքանչյուրի՝ մեր երեկվա հայտարարված գործողությունները բավական լուրջ արդյունք են տվել, մեզ արձագանքել են բազմաթիվ արժանապատիվ ու հայրենասեր ուսանողներ, ովքեր այսօր դասադուլ արեցին։ ՀՀ մարզերում, մասնավորապես Գեղարքունիքում, Շիրակում և այլ մարզերում, ՀՀ արժանապատիվ քաղաքացիներն ինքնաբուխ դուրս եկան անհնազանդության ակցիաներ արեցին, փողոցներ փակեցին»։
Նրա խոսքով՝ այս հրապարակն ու այս շարժումը տարբերվում է բոլոր շարժումներից մի շատ կարևոր հանգամանքով՝ մարդիկ ինքնաբուխ կազմակերպվում են և ապակենտրոն ցանցային պայքար տանում։
«Սա է մեր հաջողության գրավականը լինելու։ Ապակենտրոն ցանցային պայքարը շատ կարևոր է կազմակերպել և տարածել ամբողջ հանրապետությունում։ Ոստիկանությունը երեկվանից գործադրում է բիրտ, ապօրինի գործողություններ։ Այս հրապարակից մեր բոլորի անունից դիմում եմ ոստիկանությանը՝ պետից մինչև շարքային կատարող՝ տղե՛րք, դուք այլևս չեք ծառայում ՀՀ-ին, դուք ծառայում եք ցեղասպանության հանցակից դավաճանին», - նշեց Սաղաթելյանը՝ հավելելով, որ երեկ և այսօր շուրջ 500 քաղաքացի է բերման ենթարկվել, կեղծ քրեական գործեր են հարուցվել։
«Այս սրիկաները, հասկանալով ձեր ուժը, քննարկում են նաև պարետային ժամ հայտարարելը։ Այստեղից ասում եմ՝ ձեզ ոչ պարետային ժամն է փրկելու, ոչ ռազմական դրությունը։ Դուք այլընտրանք չունեք՝ պետք է գնաք և վերջ», - հայտարարեց քաղաքական գործիչը։

