Լեռնային Ղարաբաղից հայերի զանգվածային արտագաղթի ուղղակի պատճառ չկա. Պեսկով
Կրեմլը կոչ է արել մեղավորներ չփնտրել Լեռնային Ղարաբաղից Հայաստանի տարածք հայերի զանգվածային արտագաղթի համար՝ ընդգծելով, որ արտագաղթի ուղղակի պատճառ չկա։ Այս մասին գրում է interfax.ru-ն:
«Հավանաբար, դժվար թե հնարավոր լինի ասել, թե ով է մեղավոր, քանի որ նման գործողությունների անմիջական պատճառ չկա», - լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Միևնույն ժամանակ, նա համաձայնել է, որ «մարդիկ ցանկություն են հայտնում լքել Ղարաբաղի տարածքը՝ ոմանք ընդմիշտ, ոմանք էլ՝ ժամանակավորապես»։
«Այստեղ գլխավորն այն է, որ նրանք, ովքեր նման որոշում են կայացրել, ապահովված լինեն նորմալ կենսապայմաններով, այսինքն՝ մեզ ամենից շատ անհանգստացնում է այս խնդրի մարդասիրական կողմը»,- ընդգծել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Հինգշաբթի ավելի վաղ Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը սոցցանցերում հայտնել էր, որ Արցախից երկիր է մուտք գործել մարզի 68,386 բնակիչ։

