Մոսկվայի Գավրիլովի անվան արյան կենտրոնում վաղ առավոտից հսկայական հերթեր են (տեսանյութեր)
Մոսկվայի Գավրիլովի անվան արյան կենտրոնը ժամը 08։00-ից արդեն ընդունել է ավելի քան 500 դոնորի։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է կամավոր Անաստասիա Կրիշտալևան՝ նշելով, որ կենտրոնն այսօր կարող է աշխատել սովորականից երկար:
«Աշխատում ենք սովորական ռեժիմով, 500-ից ավելի մարդ արդեն արյուն է հանձնել, հնարավորության դեպքում կընդունենք բոլորին (դոնորներին-խմբ.)»,- ասաց կամավորը։
Նա վստահեցրել է, որ կենտրոնը կփորձի աշխատել մինչև վերջին դոնորին ընդունելը, մինչդեռ Գավրիլովի անվան արյան կենտրոնի ստանդարտ աշխատանքային գրաֆիկը Մոսկվայի ժամանակով 08։00-ից 13։00-ն է։
Աղբյուրի հրապարակած կադրերում երևում է, որ մարդկանց հոսքը չի դադարում։ Այս պահի դրությամբ դոնոր դառնալ ցանկացողների հսկայական հերթեր են առաջացել։ Մարդիկ արդեն երկու շարքով են հերթ կանգնում՝ չնայած եղանակային վատ պայմաններին։
Տեսանյութը՝ Tert.am-ի թելեգրամյան ալիքում։