Պենտագոնը Թրամփին Հս. Կորեայի սադրանքներին պատասխանելու տարբերակներ կառաջարկի
Պենտագոնն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կառաջարկի Հյուսիսային Կորեայի սադրանքներին պատասխանելու տարբերակներ: Այս մասին հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ռոբերտ Մենինգը:
«Եթե Հյուսիսային Կորեան չդադարեցնի իր սադրանքները, մենք նախագահին կտրամադրենք դրա հետ վարվելու տարբերակներ», - ասել է Մենինգը:
Ավելի վաղ Հյուսիսային Կորեայի արտգործնախարար Լի Էն Հոն հայտնել է, որ ԱՄՆ-ը պատերազմ է հայտարարել Հյուսիսային Կորեային: Նրա խոսքով՝ դա երկրին իրավունք է տալիս կործանել ռազմական ինքնաթիռները նույնիսկ Հյուսիսային Կորեայի օդային տարածքի սահմաններից դուրս, ինչպես նաև՝ այլ հակամիջոցներ ձեռնարկել:
Անցած շաբաթ Դոնալդ Թրամփը սպառնացել է ոչնչացնել Հյուսիսային Կորեան, որի նախագահն իր հերթին սպառնացել է «կրակով սանձահարել» Թրամփին: