ԻՊ-ի գրոհայինները սիրիական զորքերի վրա են հարձակվել «ԱՄՆ ռազմական առաքելության» գոտուց. ՌԴ ՊՆ ներկայացուցիչ
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները մի շարք հարձակումներ են իրականացրել սիրիական զորքերի նկատմամբ «ԱՄՆ ռազմական առաքելության» տեղակայման գոտուց»: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:
Նրա խոսքով՝ սեպտեմբերի 28-ին գրոհայինների ջոկատը փորձել է գրավել Ալ Քարյատեյն քաղաքի շուրջ գտնվող իշխող բարձունքները: Միևնույն ժամանակ ահաբեկիչները շրջանցել են կառավարական ուժերի գաղտնի անցակետերը՝ տիրապետելով դրանց գտնվելու մասին հստակ տեղեկությանը:
Աղբյուրի խոսքով՝ դրանք հնարավոր է ստանալ միայն օդային հետախուզության միջոցով:
Սիրիական բանակն ստիպված է եղել լուրջ ջանքեր գործադրել, որպեսզի չեզոքացնի Պալմիրա-Դեյր Էլ Զոր մայրուղու վրա գտնվող գրոհայինների շարժական խմբերը և ազատագրի ահաբեկիչների գրաված բնակելի թաղամասերը: