Սա մի մեծ քայլ առաջ էր․ տեղի ունեցավ «Մենք ենք» բարեգործական ֆոնդի շնորհանդեսը (լուսանկարներ)
Մեկ հարթակում հավաքվում են Հայաստանի և Ռուսաստանի բոլոր ամենալավ հեղինակություն ունեցող ֆոնդերը՝ «Մենք ենք» ֆոնդի շնորհանդեսից առաջ՝ լրագրողների հետ զրույցում այսպես ասաց «Մենք ենք» բարեգործական հիմնադրամի տնօրեն Սոնա Ազարյանը:
«Ինձ թվում է, որ դա մի մեծ քայլ է դեպի առաջ»,- ասաց նա՝ նշելով, որ իրենք նախատեսել են նաև աշխատեցնել կայք, որի միջոցով բարեգործություն անել ցանկացողները կարող են գումար փոխանցել․ կայքում ակնհայտ կլինի, թե որտեղ են ծախսվում հավաքված գումարները:
Ըստ հիմնադրամի ղեկավարի՝ «Մենք ենք»-ի ձևավորած ֆոնդով հիմնականում օգնություն է ցուցաբերվելու առողջական խնդիրներ ունեցող երեխաներին, նախատեսվում է նաև սոցիալական խնդիրներ ունեցող խմբերի օժանդակություն: «Մենք ենք» հարթակը միավորել է դեռևս 14 բարեգործական կազմակերպությունների:
Նշենք, որ բարեգործական ֆոնդերի, ինչպես նաև՝ ծագումով Հայաստանից և Ռուսաստանից հասարակական գործիչների կոալիցիայի և «Մենք ենք» ֆոնդի շնորհանդեսը տեղի ունեցավ այսօր՝ Երևանում՝ Ռուսական Արվեստի թանգարանում: Միջոցառմանը ներկա ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանի կինը ՝ Սվետլանա Ռամիշվիլին, նշեց, որ ինքը կարծում է, որ բարեգործությունը ենթադրում է ավելի շատ գործ, քան թե խոսք: «Դրա համար ես կարճ կխոսեմ: Ուրախալի է, որ մեծահոգությունն այսօր մտել է մեր կյանք։ Սոցիալական ցանցերում այսօր կգտնենք շատ հոդվածներ, որոնք բարեգործության մասին են: Հիմա դրանով զբաղվում են շատ հայտնի մարդիկ, ինչպես՝ Ռուսաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում: Շատերը կարծում եմ, որ բարեգործություն պետք է լուռ անես, իսկ շատերը կարծում են, որ պետք է այն անես բարձրաձայն, որ ավելի շատ մարդիկ դրա վրա ուշադրություն դարձնեն,- ասաց նա՝ նկատելով, որ բարեգործությունը միայն գումարներ փոխանցելը չէ, որ ֆոնդ է ստեղծում, այլ այն առավել շատ բարություն է:
Նշենք, որ միջոցառման ժամանակ «Մենք ենք» հիմնադրամի կողմից պարգևատրվեցին այն մարդիկ, որոնք երկար տարիներ է՝ զբաղվում են բարեգործական աշխատանքով և օգնում բարեգործական կազմակերպություններին:
Միջոցառմանը Ֆինլանդիայի «Խաղաղության աղավնիներ» բարեգործական հիմնադրամի հիմնադիրները, որոնք իրենց բարձր պարգևով՝ կապույտ և սպիտակ գույների համադրությամբ թիկնոցով, պարգևատրեցին Հայաստանում բարեգործությամբ զբաղվող կազմակերպությունների ղեկավարներին:
«Մենք ենք» ֆոնդի շնորհանդեսը նախատեսել էր նաև բարեգործական աճուրդ, որտեղ ներկայացված էին և՛ անհատների ձեռքի աշխատանքներ, արվեստի գործեր, և՛ տարբեր կազմակերպությունների ծառայություններ․ յուրաքանչյուր լոտից ստացված գումարը բաժին ընկավ «Մենք ենք» հարթակի կազմակերպություններից մեկին: