Ադրբեջանում աշակերտի մահվան պատճառ դարձած ուսմասվարը կվճարի ընդամենը 500 մանաթ տուգանք
Ադրբեջանում դպրոցներից մեկի ուսմասվարը, որի նշանակած պատիժն աշակերտի մահվան պատճառ էր դարձել, հարկադրվել է վճարել ընդամենը 500 ադրբեջանական մանաթի չափով տույժ: Դատարանի որոշմամբ նա նաև մեկ տարի չի կարողանա պետական պաշտոն զբաղեցնել:
Ինչպես փոխանցում է ադրբեջանական lent.az կայքը, 11-րդ դասարանի աշակերտ Ազադ Իլյասովն ուշացել էր դասից, ինչից հետո ուսմասվար Ղաֆար Հաջիևը որոշել է նրան պատժել՝ ստիպելով վազել դպրոցի մարզադաշտի շուրջ: Դրա արդյունքում տղան իրեն վատ է զգացել ու չնայած ստացված բուժօգնությանը՝ մահացել սրտային անբավարարությունից:
Սումգայիթի քաղաքային դատարանը որոշում է կայացրել, ըստ որի Ազադ Իլյասովի մահվան մեջ ուսմասվար Ղաֆար Հաջիևի մեղքը չի ապացուցվել, ինչի արդյունքում նա արդարացվել է։
Մինչդեռ վճռի բողոքարկումից հետո կայացվել է նոր որոշում, որի համաձայն ուսմասվարին ենթարկել են դրամական տույժի ու արգելել պաշտոնավարել առաջիկա մեկ տարվա ընթացքում: