Ազնավուրի կողմից Իսրայելում Ցեղասպանության ճանաչման հարցի բարձրացումը միայն ուշադրություն կհրավիրի, այլ հետևանք չի ունենա. Սարո Սարոյան
Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ, քաղաքական վերլուծաբան Սարո Սարոյանը գտնում է, որ Իսրայելը Հայոց ցեղասպանությունը կճանաչի միայն քաղաքականապես իր համար շահավետ լինելու դեպքում, ինչը տարբեր հանգամանքներից, տարբեր շրջանակների ճնշումներից է կախված:
Ըստ նրա` Իսրայելը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը ոչ թե խանդից ելնելով, որ Հոլոքոսթը լինի միայն իրենցը, այլ քաղաքական հաշվարկից ելնելով: «Մարդիկ, ունեն քաղաքական գիտակցություն, թե իրենց խնդիրներն ինչպես լուծեն: Դա խանդ չէ, մենք այդպես էմոցիոնալ վերարտադրում ենք քաղաքական գիտելիք չունենալու արդյունքում, նրանք շատ հստակ քաղաքական խնդիր են լուծում և քաղաքական հաշվարկ իրականացնում: Ամեն ինչ շահերով է պայմանավորված»,-ասաց նա:
Նա անդրադարձավ Իսրայելում աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի` Երկրորդ աշխարհամարտի տարիներին հրեաներին ֆաշիստների հետապնդումից փրկելու համար մեդալով պարգևատրվելու ժամանակ Իսրայելի նախագահին ուղղված հարցին, թե երբ է Իսրայելը պաշտոնապես ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: Սարո Սարոյանը համաձայնեց, որ Շառլ Ազնավուրի կողմից հարցի բարձրացումը, բացի ուշադրություն հրավիրելուց խնդրի վերաբերյալ, այլ հետևանք չի կարող ունենալ, քանի որ Շառլ Ազնավուրը, որքան էլ հեղինակություն ունենա, հրեաները երբեք իրենց քաղաքական շահերից դուրս ոչինչ չեն անի: «Հայոց ցեղասպանության ճանաչման միակ տարբերակը, երբ որ շահերը կհամընկնեն և իրենք շահով դուրս կգան, այլ տարբերակ չկա»,-ասաց նա:
Քաղաքագետը նշեց, որ երբևէ հնարավոր է այդ շահերը համընկնեն կապված Մերձավոր Արևելքում ինչ-որ զարգացումների հետ: «Քրդստանի հետ կապված իրենք մեծ շահեր ունեն, նախորդ տարիներին Իսրայել-Թուրքիա հարաբերությունները վատթարացան, խորը ճգնաժամ եղավ, նման կարգի խնդիրները, եթե հասնեն այնպիսի աստիճանի, որ Հայոց ցեղասպանությունը գործիք դառնա տարածաշրջանում Իսրայելի կողմից ինչ-որ խնդիր լուծելու համար, հնարավոր է, որ Իսրայելը ճանաչի»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն, ապա Սարո Սարոյանն ասաց, որ այդ միտումը շարունակական է լինելու, քանի որ առայժմ իրենց շահերը շատ լավ համընկնում են: «Ադրբեջանը շատ լավ դաշնակից է, որպեսզի Իսրայելը Իրանի հետ կապված հարաբերություններում իր խնդիրները փորձի լուծել: Այստեղ հայկական գործոնը նշանակություն ունի, բայց դա շատ ավելի երկրորդական է»,-ասաց նա:
Անդրադառնալով Իսրայելի ժողովրդի և քաղաքական դասի միջև Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում եղած մոտեցման տարբերությանը` նա ասաց, որ քաղաքական գիտակցություն ունեցող մարդիկ այդ խնդրին նայում են ինչպես մենք, և շատ մտավորականներ գտնում են, որ պետք է ճանաչել, սակայն նրանք չեն քաղաքականությունը որոշում:
Չնայած դրան` քաղաքագետն ասաց, որ այստեղ ևս Հայաստանը անելիքներ ունի և գլխավոր հարցն այն է, թե Հայաստանը սուբյեկտ է, թե ոչ: «Հայաստանի ղեկավարությունը և ոչ միայն ղեկավարությունը, այլ նաև հանրության մեծ մասը առաջին հերթին երևույթներին նայում են`տեր-ծառա պրիզմայով, թե ինչ կասի Մոսկվան, Վաշինգթոնը, Բրյուսելը: Հայաստանը շատ բան կարող է անել, եթե սուբյեկտ դառնա, սուբյեկտային վարք ցուցաբերի»,-ասաց նա և նկատեց, որ մեզ մոտ խնդիրներից փախչելու ոչ թե դրանք լուծելու մոտեցում կա և մենք առաջին հերթին պետք է մեզ, մեր մտածողությունը փոխենք: