Ալիևի հայտարարություններից պատերազմի հոտ է գալիս. Ռաֆայիլ Զինուրով
Պետք չէ տրվել ադրբեջանական կողմի պրովոկացիոն հայտարարություններին: Tert.am-ի հետ զրույցում ասաց Ռուսաստանի պետական դումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռաֆայիլ Զինուրովը՝ խոսելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Երևանը, Զանգեզուրը գրավելու հայտարարություններին նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Մյունխենում տրված պատասխանի մասին:
Սերժ Սարգսյանը, մասնավորապես, հայտարարել է, որ «Ալիևը ոչ ավել, ոչ պակաս տարածքային նկրտումներ է հայտարարում Հայաստանի մայրաքաղաք Երևանի հանդեպ՝ անվանելով այն պատմական ադրբեջանական տարածք, ինչը զառանցանք է, բայց Եվրոպայի լռության պայմաններում այդպիսի անհեթեթությունները կարող են ունենալ շատ լուրջ հետևանքներ»:
Ռաֆայիլ Զինուրովն ասաց, որ ինքը չի ողջունում Ադրբեջանի նախագահի կողմից ցուցաբերած կեցվածքը: «Միջազգային լարված դրության պայմաններում շատ վտանգավոր է նման հայտարարություններ անելը: Սրանից պատերազմի հոտ է գալիս: Ինձ համար տխուր է լսել նման մտքեր մի պետության նախագահի շուրթերից, ով ուզում է իր տեղը զբաղեցնել ժամանակակից աշխարհում»,- նշեց Բաշկիրիայի Ազգային ժողովի փոխնախագահը:
Ռ. Զինուրովի խոսքով՝ հետևանքները կարող են անկանխատեսելի լինել, որովհետև Ալիևն իր հայտարարությամբ չի բացառում պատերազմը վերսկսելու հնարավորությունը: «Կարծում եմ, որ ամեն դեպքում հայկական կողմը պետք է սառնասիրտ մոտենա նման հայտարարություններին: Որևէ պետության նախագահ չպետք է նման մտքեր արտահայտի»,- նշեց Ռաֆայիլ Զինուրովը: