Ռոմանագերմանական ֆակուլտետի շրջանավարտներին նոր մասնագիտություն պետք է առաջարկվի, դասախոսը պաշտպանում է արտասահմանյան գրականության դասաժամերի կրճատումը (տեսանյութ)
Ուսանողներին ուղղորդում են՝ առանց բացատրելու, թե ինչի մասին է խոսքը: Իսկ խոսքն այն մասին է, որ այսօր ԵՊՀ ռոմանագերմանական ֆակուլտետի շրջանավարտներին պետք է նոր մասնագիտություն, որը կհամապատասխանի շուկայի պահանջներին: Այսինքն՝ անգլերենով ու ֆրանսերենով հավասարաչափ հաղորդակցության, թարգմանության, գործարար միջավայրի գրագրությանը տիրապետող մասնագետ: Tert.am-ի հետ զրույցում հայտարարեց 2009 թվականից Երևանի պետական համալսարանի ֆրանսիական բանասիրության ամբիոնի վարիչ, դոցենտ Զավեն Հարությունյան։
«Եթե Եվրոպայի ծավալուն շուկայում երկու լեզուների իմացություն է պահանջվում, ոչ միայն բարոյական, աշխարհաքաղաքական առումներով, այլև՝ պրագմատիկ, ապա Հայաստանում՝ առավել ևս»,–ասաց նա:
Զավեն Հարությունյանը, բնականաբար, պաշտպանում է Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում «Արտասահմանյան գրականություն» առարկայի դասավանդման տևողությանն առնչվող փոփոխությունների նախագիծը՝ կոնցեպտը և զարմացած է դրա շուրջ աժիոտաժից: Ասելով, որ ուսանողներին ուղղորդում են, նա հավելեց. «Եթե ես հիմա փորձեմ ուսանողներին հավաքել մի տեղ, և ասեմ գիտեք՝ ինչ նոր մասնագիտության մասին է խոսքը: Նրանք էլ ասեն՝ կեցցե նոր մասնագիտությունը»:
Դասախոսը ներկայացրեց նման նախագիծ մշակելու խորքային պատճառները ու հիմնավորումը կամ թե ինչ է տեղի ունեցել: Ըստ այդմ՝ Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում շատ տարիներ առաջ եղել է 1 մասնագիտություն՝ լեզու և գրականություն, այնուհետև ավելացել են ևս երկուսը՝ որպես առանձին մասնագիտություն՝ միջմշակութային հաղորդակցություն է՝ առանձին ամբիոնով և թարգմանություն: Բայց դա վերաբերում է միայն անգլերենին, իսկ վերջին 2-3 տարիներին մանկավարժություն բլոկը դուրս է եկել և ստացվել այնպես, որ այսինքն՝մանկավարժ դառնալու համար ուսանողը պետք է հատուկ դիմում գրի, լրացուցիչ վճարի՝ անցնելու համար մանկավարժական բլոկի առարկաներ և, ի վերջո, դառնալ մանկավարժ՝ դպրոցում դասավանդել կարողանալու համար: Սա մտահոգել է ռեկտորատին, որն էլ հանձնարարական տվել՝ մտածել արդիականացման նոր մասնագիտության մասին՝ շուկայի համապատասխանելու համար: Արդյունքում՝ գիտխորհրդով սկսել են ուսումնասիրել միջազգային, եվրոպական համալսարանների փորձը, միջազգային շուկան և հանգել այդ լուծմանը:
«Որովհետև մեզնից յուրաքանչյուրը յուրովի սոցիոլոգ է: Մենք ամեն տարի լսում ենք մեր շրջանավարտներից, որ աշխատատեղ չունեն: Եվ հիմա, երբ մանկավարժական բլոկը դուրս է եկել, մենք պետք է մտածենք՝ բակալավրիատի շրջանավարտների մասին»,–հավելեց դասախոսը:
Զավեն Հարությունյանը մանրամասնեց, որ երբ խոսքը նոր մասնագիտության մասին է, ապա առարկայական ցանկը փոփոխության է ենթարկվում. մտնում են նոր մասնագիտական առարկաներ և կա նաև խնդիր՝ պահպանել համաչափությունը:
«Առարկաների բովանդակության և քանակի ընտրությունը կոնցեպտից է կախված, ոչ թե որևէ մեկի ցանկությունից»,-հավելեց Զավեն Հարությունյանը:
Դասախոսը չտեղեկացրեց, թե ինչ է լինելու նոր մասնագիտության անունը, ասելով, դա դեռ առանձին և մասնագիտական շրջանակների կողմից քննարկման թեմա է: Բայց այդ մասնագիտության գծով դիպլոմ ստացած շրջանավարտը, բացի 2 լեզուներին՝ անգլերենին ու ֆրանսերենին հավասարազոր տիրապետելը, պետք է երկու լեզվով կարողանա տիրապետել գործարար լեզվի բոլոր նրբություններից, որը ներառում է մենեջմենթից մինչև գրագրություն, նամակագրություն, թարգմանություն, հաղորդակցության մշակույթ՝ ինչպես շփվել և այլն:
Դասախոսը, նախ, նշեց, որ կայքերում ի սկզբանե սխալ տեղեկատվություն է եղել, որ Ռոմանագերմանական ֆակուլտետում «Արտասահմանյան գրականություն» առարկան 7 կիսամյակից (7 կիսամյակ եղել է շատ վաղուց, վերջին տարիներին՝ 6 կիսամյակ էր) դառնում է 1.5; Ըստ Գիտխորհրդի կողմից մշակված նախագծի՝ 6 –ից նախատեսվում է դարձնել 3: Նույնը կատարվում է նաև այլ առարկաների գծով:
Արդյոք՝ 3 կիսամյակը բավարա՞ր է արտասահմանյան գրականություն կարդալու համար և արդյոք ճի՞շտ է մոտեցումը, որ գերմանական բաժնի ուսանողը չպետք է կարդա անգլալեզու հեղինակներին, նրանք՝ գերմանացի, ապա Զավեն Հարությունյանն ասաց. «Ներողություն, դուք արդեն մտաք ծրագրային-բովանդակային հարցերի շրջանակ: Անգլոֆրանսիական խումբը 3 կիսամյակ անցնելու է արտասհմանյան գրականություն, և արտասահմանյան գրականության ամբիոնն ինքը կորոշի, թե մասնագիտության փոփոխության պարագայում, ինչպես և ինչ դասավանդել: Եվ հետո չմոռանանք, որ 1 կիսամյակը լինելու է ընդհանուր գրականություն, ապա այդտեղ ներառվելու են համաշխարհային գրականության գլուխգործոցները, որոնք և՛ գերմանականի, և՛ ֆրանսիականի. և՛ իսպանականի/ պետք է իմանան: Իսկ հաջորդ 2 կիսամյակում, եթե անգլոֆրանսիականի ուսանող եք, կամ անգլոգերմանական՝ նրանց գրականությունը՝ օտար լեզվով»։
Հիշեցնում ենք՝ խոսքն առայժմ նախագծի մասին է, որը դեռ պետք է անցնի Կրթության և գիտության նախարարության հաստատում, և դրական եզրակացության դեպքում առաջիկա տարիներին ներդրվի համալսարանում:
Մանրամասները՝ տեսանյութում։